«Ղարաբաղյան պատմական հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհը բանակցությունն է, փոխզիջումը: Նույնը կասեմ ադրբեջանցի գործընկերոջս՝ առաջիկա հանդիպման ժամանակ»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը: «Ողջունում են ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել»,- նշել է նա: Բելգիացի պաշտոնյան հայտնել է, որ մտահոգված են Արցախում ստեղծված իրավիճակով. «ԼՂ բնակիչների կյանքը վտանգի տակ է, որն անընդունելի է: Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»: Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելգիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն առավոտյան այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀՀ ԱԳՆ-ում տեղի էր ունեցել նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել էր ընդլայնված կազմով հանդիպումը: |