ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Գաղթի դժոխային ճանապարհ ու նույնքան դժոխային ապրումներ»․ Արմիդա Աբրահամյան
10:06, 01.10.2023 | mamul.am
3373 | 0

Արցախցի Արմիդա Աբրահամյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով հետևյալը․ «Գաղթի դժոխային ճանապարհ և նույնքան դժոխային ապրումներ։ Երեսունվեց ժամ տևեց Ստեփանակերտից այդ չարաբաստիկ անցակետ հասնելը։ Այն միտքը, որ մազապուրծ փրկվելու համար պետք է շնորհակալ լինենք` ոչնչացնող էր։ Ինը ամիս հացի և այլ հերթերում կոփված արցախցիների վերջին հերթն էր` Հայրենիքից հեռանալու հերթը, որտեղ վերջ չէին հարցնում։ Ժամ առաջ փրկվել էր պետք։ Իրար հրմշտող մեքենաների խիտ և կիլոմետրերով շարքը մահվան թափորի պես տխուր էր։ Հարազատի մահվան հետ համակերպված` թաղման արարողությունից հետո հոգեհացի գնալու զգացողություն էր...
Մեր անզորության հետ հաշտված, մեր ամբողջ կյանքը անկազմակերպ հավաքած մեկական ճամպրուկի մեջ, ցավից, վախից և անորոշությունից մթագնած ուղեղներով` գաղթում էինք...
Բերդաձորի գյուղերից մեկում լքված ու մենակ դեռ ծածանվում էր մեր դրոշը։ Կես ճանապարհին արդեն վերջացել էր սնունդը։ Բնական կարիքները հոգալու համար մարդիկ իրար քողարկում էին ծածկոցներով` անմիջապես ճամփեզրերին։ Ստիպված էինք ռուսներից ջուր խնդրել, խնդրել մեր Հայրենիքի ջուրը, որովհետև դրա տերն այլևս մենք չէինք։ Այն Հայրենիքի, ում ջրին մեր լավագույն որդիների արյունն է խառնված, այն որդիների, որոնց շիրիմները լքած` մեր խղճուկ գոյությունն էինք փորձում փրկել... Մենք մարդ չէինք...
Հասանք անցակետ` արդեն նվաստացված և ոչնչացված։ Ընդգծված քաղաքավարությունը չէր կարող քողարկել ադրբեջանցիների չարախինդ, գոհունակ հայացքները։ Անասունի պես մեզ հաշվելուց, փախստականի մեր ճամպրուկները սկանավորելուց հետո թույլատրեցին անցնել։
Սոված, հոգնած, անքուն, մաշած նյարդերով ոտք դրեցինք Հայաստան։ Գիշերային մթությունից հայերեն խոսք լսելով` հանգիստ շունչ քաշեցինք։ Կոռնիձորում մեր հայրենակիցների` մեր հանդեպ ցուցաբերած հոգատարությունն անչափ հուզիչ էր, կյանք վերադարձնող, անգամ ժպիտ հարուցող, հույս տվող... Շնորհակալ եմ...
Գորիսի խայտաբղետ, առատությունից ճայթող մարկետն աչքի համար անսովոր էր։ Դստրիկս, որ վաղուց քաղցրավենիք չէր տեսել, ապշել էր, չգիտեր, թե որ մեկն ընտրեր։
Ապաստանեցինք հարազատի տանը։ Վարձով տան մեկօրյա փնտրտուքները, անմարդկային գները հիասթափեցնող էին, անցորդների խոսակցության պատառիկներից մի քանի անգամ հասցրեցի լսել ծամոն դարձած` «անշնորհակալ ղարաբաղցի» արտահայտությունը, զինվորին ջուր չտվող ղարաբաղցու պատմությունը, լավ պայմաններով տուն ուզելու մեր աչքածակության մասին... Չլսելուն տվեցի. այս խղճուկ մարդիկ չեն կարող արժեզրկել Կոռնիձորում մեզ ընդունած մեր հայրենակիցներին, Հայաստանում ապրող իմ ընկերներին ու բարեկամներին։
Այս քաոսից հետո փորձում եմ իմ մեջ վերագտնել կյանքը սիրող, արժանապատիվ մարդուն, կոխկրտված հային, ջանքեր են պետք կյանք վերադառնալու, գաղթականի կերպարը թոթափելու, նոր միջավայրին համոզելու համար...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր