ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+17 °C
̀«ՄԱԿ-ը և հիմնական դերակատարները ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու այս արհավիրքը». ԱԳ նախարար
18:00, 02.10.2023 | mamul.am
3602 | 1

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատվիրակության հետ, որը ղեկավարում էր ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր լքել իր բնօրրանը՝ ենթարկվելով էթնիկ զտման:

ԱԳ Նախարարը հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս ահազանգում էր ԼՂ-ում ահագնացող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այդուհանդերձ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը և հիմնական դերակատարները ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու այս արհավիրքը։

Անդրադառնալով խնդրի վերաբերյալ Կիպրոսի դիրքորոշմանը՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի խորհրդարանի սկզբունքային մոտեցումն ու բանաձևերի ընդունումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը: Երկուստեք ընդգծվել է՝ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ քաղաքական հայտարարությունները բավարար չեն և անհրաժեշտ են հստակ քայլեր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր