ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +18 °C Վաղը`+24 °C
«Սյունիքի գրավումը լինելու է, Սևանի զավթումը լինելու է»․ Հայկ Մարտիրոսյան
19:36, 03.10.2023 | mamul.am
25442 | 8

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ բաներ կան ասելու: Բազմաթիվ մտքեր, վերլուծություններ:
Բայց չեմ ասում:
Իմաստ չունի: Ոչինչ այլևս իմաստ չունի:
Կասեմ հետևյալը.
Սյունիքի գրավումը լինելու է: Սևանի նախ` մասնակի, ապա ամբողջական զավթումը լինելու է:
Դրան հաջորդող Երևանի անկումն ու հայկական պետականության կործանումը լինելու են:
Դրան չի կարողանալու խոչընդոտել ԱՄՆ-ը: Չի կարողանալու խոչընդոտել Ֆրանսիան: Իրանը, որի վրա այնքան հույս են դնում մակերեսայինները, բացարձակապես ոչինչ ոչ միայն չի անելու, այլև մեծագույն ցանկության պարագայում չի կարողանալու անել:
Ինչու: Որովհետև Հայաստանի ներսում չկա ոչ մի ցանկություն դիմադրելու:
Որովհետև նաև ռազմավարը թշնամու համար լինելու է ամենամեծը` 1453թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո ամենախոշորը, ամենաարժեքավորը, ամենաանգնահատելին:
Թուրքական նոր` մետրոպոլիական հայրենիքի ստեղծման հազարամյա գործընթացը Երևանի անկմամբ ավարտվելու է և սկսվելու է համաշխարհային հեգեմոնիայի համար աշխատանքը: Դա անչափ, աննկարագրելի կարևոր և պատմությունաշրջիչ կետ է, որը ոչ մի դրսի խաղացող չի կարողանալու կասեցնել, եթե Հայաստանի ներսում ոչ մի դիմադրություն չկա:
Իսկ դիմադրությունը զրոյական է: Կամքը զրոյական է: Ոգին զրոյական է:
Տեխնիկապես Հայաստանի մոտալուտ կործանումը կարող է և թերևս հետևյալ տեսքը կունենա.
Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի հատվածից ռազմակալում են Երասխը: Սյունիքը կտրվում է: Սոթքի կողմից իջնում են դեպի Սևան և մինչև Դիլիջանի խաչմերուկ ռազմակալելով` պարալիզացնում են կապը Վրաստանի հետ:
Տավուշում գրավում և փակում են հիմնական մայրուղին:
Երասխից Նախիջևանի բանակի տանկային զորամիավորումները շարժվում են Երևանի վրա: Ճանապարհին թեթև դիմադրությունն արագ ճնշվում է օդից:
Տանկերը մտնում են Երևան: Մի քանի տանկ կանգնում է Հանրապետության Հրապարակում, մի քանիսը` Ազատության Հրապարակում:
Ճանապարհին կալաշնիկովով, խոհանոցում պատրաստված ձեռնառումբերով, պարսատիկներով և ռեստորանային դանակներով զինված մի քանի հայերի դիմադրությունը արագ վերափոխվում է նվաճողների հաղթական երթի, որ անցնում է ճանապարհին թափված ու նոր արթնացած` և գմբեթ կառուցող, ՈՄԱ պարապող, կարատե սերտողների հերոսական ու վայրկենական նահատակությամբ:
Հայաստանի կառավարիչն արագ ստորագրում է անվերապահ կապիտուլիացիայի և պետության լուծարման հռչակագիր` հայտարարելով թե Երևանի անկմամբ փրկում է հայությանն ու շանս տալիս ազգին չկործանվելու:
Ադրբեջանը ստանձնում է Հայաստանի պրոտեկտորատը և սկսում «ինտեգրացիայի» գործընթաց:
Երևանը անմիջապես սկսում է դառնալ Ստեփանակերտ: Միլիոնավոր հայեր բռնում են իրենց պատմության մեջ վերջին եղերական գաղթի ճամփան:
Եթե այս սցենարը ֆանտաստիկա է թվում` մտածեք ևս մեկ անգամ:
Թուրքական հազարամյա երազանքի լիակատար իրագործումը մոտ է առավել քան երբևէ: Հայաստանի բնակչությունը հանձնված է և չունի դիմադրելու ցանկության հյուլե անգամ, Հայաստանի ղեկին թյուրքական աշխարհի` պատմության մեջ լավագույն դաշնակիցն է և Բաքվի գործընկերը, Հայաստանը չունի զինվորականություն, չկա գեթ մեկ իր պարտքը կատարող զինվորական, Հայաստանը չունի գեթ մեկ պաշտոնական իրական դաշնակից, որովհետև որոշել է, որ իրեն դաշնակից պետք չէ, Հայաստանի աշխարհագրական և քաղաքական դարպասներն այլևս լայն բացված են որէ նվաճողի առջև:
Անհրաժեշտ է պարզապես ապիկար հիմար լինել` այս պայմաններում Հայաստանը չգրավելու և հայկական պետությունը չկործանելու համար: Իսկ նվաճողը շատ հեռու է ապիկար և հիմար լինելուց: Նա հաշվարկող, ռազմավարական խորագույն մոտեցումներ որդեգրած կամային ուժ է, որի գաղափարական առանցքը սեփական պետականաշինությունն ու իր տխմար զոհի վերջնական և հիմնահատակ պետականաքանդությունն է:
Եթե հայ ժողովուրդն իր լռությամբ համաձայնության մանդատ է տվել իր կառավարչին` հանձնելու երկիրը և ինքն էլ բացարձակ անգործությամբ մասնակցում է դրան` Հիսուսն անգամ անկարող է լինելու պահպանել Հայաստանի պետությունն ու ժողովրդին, եթե հենց վաղը երկրորդ գալստյամբ փորձի փրկել քրիստոնեությունն առաջինն ընդունած այս երկիրը:
Մեծ հաշվով ամեն բան այլևս հստակ է:
Չկա փրկություն:
Լինելու է միայն ավելի վատ:
Առաջիկայում կլինի հարձակումը: Գուցե մի փոքր այլ ընթացքով և հաջորդականությամբ, բայց հարձակումն անխուսափելի է:
Անխուսափելի է նաև պետության և պետականության կործանումը:
Որևէ այլ կանխատեսում անողները կամ հույս տվողներն ազնիվ չեն: Ստում են: Խաբում են կա՛մ իրենք իրենց, կա՛մ հանրությանը:
Ամեն դեպքում` անգամ հանրային շահը իբր հաշվի առնելու բացատրմամբ ստելը ստոր հանցավորություն է և դեմ է նույն հանրային շահին:
Ճշմարտությունը մենք ատում ենք, բայց ճշմարտությունն ատելուց կամ այն ինքնախաբեական ստով անտեսելուց` իրականությունը չի փոխվում:
Եվ չի փոխվելու:
Սրանք Պոմպեյի վերջին օրերն են: Հրաբուխը ժայթքել է արդեն:
Մագման ու ավազը շուտով ծածկելու են մեզ: Հաստ շերտով:
Եվ ընդմիշտ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր