ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
ՄԻԵԴ-ը հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում՝ հօգուտ ՀՀ-ի
16:00, 05.10.2023 | mamul.am
6804 | 0

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Միաժամանակ, ՄԻԵԴ-ը Ղազարյանը և Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի գործով կայացրել է խախտում արձանագրող վճիռ:
Մասնավորապես, Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը ՀՀ կողմից Ադրբեջանին վերադարձնելու ենթադրյալ ձգձգումներին ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ՀՀ կողմից թույլ չի տրվել կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտում, իսկ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածի ներքո ներկայացված դիմումատուի պահանջը ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի:
Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը և Գուլիևը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարզատենրի հետ շփումից: Նրանց նկատմամբ ցոցաբերվել է նույնպիսի վերաբերմունք ինչպես մնացած դատապարտյալների նկատմամբ: Ավելին, նրանք զրկված չեն եղել ՄԻԵԴ դիմելու համար իրենց հարազատներին կամ որևէ իրավապաշտպանի լիազորագիր ներկայացնելու հնարավորությունից:
Ալիևն ընդդեմ Հայաստանի և Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի գործերով, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած վերը նշված ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով: Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաև Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի և Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի գործերը:
Ղազարյանը և Բայրամյանը ընդդեմ Ադրբեջանի գործով, որը վերաբերում էր 2018 թվականին Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված և ապա ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքներին, ով ՀՀ էր վերադարձվել 2020 թվականին, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից թույլ են տրվել Կոնվենցիայի 3-րդ (խոշտանգման արգելք) և 5-րդ (ազատության և անջնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների խախտումներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր