ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Ո՞րը պետք է լինի հայ քաղաքագիտական, քաղաքական մտքի խնդիրը ներկայիս «մեծ անցումային» ժամանակաշրջանում». Հակոբ Բադալյան
04:06, 08.10.2023 | mamul.am
2824 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞րը պետք է լինի հայ քաղաքագիտական, քաղաքական մտքի խնդիրը ներկայիս «մեծ անցումային» ժամանակաշրջանում, որ ապրում են աշխարհը, միջազգային հարաբերությունները:
Ըստ իս, հայ՝ իրապես հայաստանյան քաղաքագիտական, քաղաքական մտքի խնդիրը պետք է լիներ «անցումային» շրջաններում բնականորեն սրվող անկյուններին «հակազդելը», այսինքն՝ անկյունները հարթելուն միտված աշխատանքային գործընթացը:
Առկա ժամանակաշրջանում պետական քաղաքականությանը կամա թե ակամա ցուցաբերելիք ավելի արդյունավետ օժանդակություն այդ դաշտը ունենալ չի կարող: Այլ հարց է իհարկե, թե ինչպիսին է պետական քաղաքականության որակն ու «միտքը»:
Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական մտքի առկայության և դրանից բխող ֆունկցիոնալ էֆեկտների մասին խոսելն, իհարկե, թերևս ավելորդ է:
Բայց, բոլոր դեպքերում, պետական քաղաքականության հանդեպ պատասխանատվության հանգամանքը անփոփոխ է դարձնում քաղաքագիտական տիրույթի ֆունկցիոնալ առաքելության ուղենիշը: Իսկ դա, կրկնեմ, ներկայիս մեծ անցումային, և առավել ևս համաշխարհային պատերազմի ռեժիմով ուղեկցվող անցումային շրջաններում՝ առավել սրվող անկյունների սրացումը «հարթելուն» միտված գործունեությունն է: Սա, բնականաբար, իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց համոզված եմ, որ հենց այդ կերպ կարող է քաղաքագիտական միջավայրը այս բարդ փուլերում կատարել պետական անվտանգության յուրօրինակ բարձիկի գործառույթ:
Կասեք, որ այդ միջավայրը չունի այդպիսի խնդիր: Տարբերակ է, իհարկե, պարտավոր չէ ստանձնել այդպիսի բարձիկի առաքելություն, պատկերացումների խնդիր է:
Բայց, այսօր ցավոք սրտի առկա է միջավայր, երբ, կամա, թե ակամա, բայց ոչ միայն չկա «բարձիկի» առաքելություն, այլ հակառակը՝ անկյունները սրող մի երևույթի էլ վերածվել է մեր քաղաքագիտական միջավայրը (բնականաբար խոսքը միջավայրի, այլ ոչ դրանում գործող բացառապես բոլոր քաղաքագետների կամ փորձագետների մասին է: Բայց միջավայրի ընդհանուր նկարագիրն, անկասկած, ձևավորվում է որևէ իրողության գերակշռության բերումով):
Միևնույն ժամանակ, Հայաստանում հենց այդպիսի քաղաքագիտական միջավայր ստանալու ուղղությամբ տասնամյակներով ներդրվել և ներդրվում են շոշափելի միջոցներ, որովհետև «հակառակ» բնույթի և բովանդակության միջավայրի ձևավորման պարագայում մեղմ ասած կբարդանար Հայաստանը քաղաքական կաթվածի ենթարկելու, ինքնուրույն շարժունակության կարողությունից զրկելու և Հայաստանի գոյության ամբողջ «կռիվը» աշխարհաքաղաքական ճամբարների ընտրության հանգեցնելու խնդիրը:
Ակնառու է, որ այսօր մեզ հետ տեղի ունեցողի հարցում բավականին շոշափելի է առնվազն լռելյայն կոնսենսուսի առկայությունը: Այդ կոնսենսուսի արմատը ըստ էության հենց նաև վերը նշածս իրողությունների խորքում է:
Եվ սա միջազգային հարաբերություններում օրինաչափություն է, ցավալի՝ բայց օրինաչափություն: Օրինաչափությունը «խախտում» են և կարողանում են «ճեղքել» հենց այն հանրությունները, ժողովուրդները, նրանց ձևավորած պետությունները, որոնք կարողանում են ձևավորել հնարավորինս շատ և բազմազան ինստիտուցիոնալ բարձիկներ, այլ ոչ Հայաստանի այս կամ այն ապագան գծող աշխարհաքաղաքական «մատիտների» սրիչներ»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր