ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ինչո՞ւ ՀԱՄԱՍ-ը հարձակվեց հենց այս պահին․ ի՞նչ կարող է ձեռնարկել Իսրայելը․ #Politico
09:54, 09.10.2023 | mamul.am
6744 | 0

Իսրայելի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Նախօրեին ՀԱՄԱՍ-ի զինյալներն Իսրայելի տարածքի ուղղությամբ մի քանի հազար հրթիռ են արձակել, ինչպես նաև հարձակում գործել Գազայի հատվածի բնակավայրերի վրա՝ սպանելով և գերեվարելով խաղաղ բնակիչների։ Ի պատասխան՝ Իսրայելը սկսել է ռմբակոծել Գազայի հատվածը։ Միայն առաջին օրը կողմերը հարյուրավոր զոհեր են ունեցել։

Politico-ն այս առնչությամբ խոսել է Մերձավորարևելյան քաղաքականության վաշինգթոնյան ինստիտուտի պատվավոր գիտաշխատող Դենիս Ռոսսի հետ, որը 1990-ականներին Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնացն էր և մասնակցել է արաբ-իսրայելական բանակցություններին։ Ըստ նրա՝ հիմնական պատճառը Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախապատրաստումն է։ ՀԱՄԱՍ-ը հասկանում է, որ սա կարևոր իրադարձություն է ողջ Մերձավոր Արևելքի համար և փորձում է կանխել այն:

Politico - Ինչո՞ւ ՀԱՄԱՍ-ը հարձակում գործեց հենց այս պահին, և ի՞նչ կարող է ձեռնարկել Իսրայելը։

Ռոսս - Կարծում եմ՝ այստեղ ակնհայտ է նաև Իրանի դերը։ Իրանը սկսել է մտածել, որ եթե այսպես կոչված կարգավորման գործարք կնքվի, ապա դա կլինի շրջադարձային իրադարձություն տարածաշրջանում։ ՀԱՄԱՍ-ի հարձակումը վաղուց էր պլանավորվում՝ Իրանի և «Հըզբոլլահ»-ի աջակցությամբ։

Politico - Շատերը խոսում են Իսրայելի հետախուզության ձախողման մասին։ Դա արդա՞ր է։

Ռոսս - Այո։ Իր անսպասելիությամբ ՀԱՄԱՍ-ի հարձակումը հիշեցնում է Իսրայելի ուղղությամբ արաբական պետությունների հարվածը, որից 50 տարի առաջ սկսվեց «Ահեղ դատաստանի» պատերազմը։

Politico - Այս ամենի մեջ դեր ունի՞ ԱՄՆ հետախուզությունը։

Ռոսս - Ոչ։ ԱՄՆ-ն ՀԱՄԱՍ-ի համար հետախուզական հսկայական ռեսուրսներ ծախսելու հատուկ պատճառ չուներ, ուստի դժվար է ասել, թե դա ձախողում էր ԱՄՆ-ի կողմից։ Կարծում եմ՝ դա ձախողում էր Իսրայելի հետախուզության կողմից։

Politico - Ի՞նչ կարող է ձեռնարկել Իսրայելը:

Ռոսս - Նրանք հզոր հարվածներ կհասցնեն օդից, կփորձեն գործողություն իրականացնել, որը ՀԱՄԱՍ-ի համար անսպասելի կլինի։ Իսրայելը կազատի գերիներին, սակայն ՀԱՄԱՍ-ը նրանց կպահի թունելներում, որոնց մուտքերը ականապատված են։

Politico - Կա՞ն հիմքեր՝ կարծելու, թե դրան կարող է մասնակից լինել Ռուսաստանը՝ հաշվի առնելով նրա սերտ կապերն Իրանի հետ։

Ռոսս - Չեմ կարծում, թե Ռուսաստանը մասնակից է, բայց դժգոհ էլ չէ, քանի որ նրանք կցանկանային ուշադրությունը շեղել Ուկրաինայի դեմ պատերազմից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր