Արթուր Չախոյանի դեմ հարձակման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախաձեռնվել է 2 վարույթ, քանի որ երկու հաղորդում է ստացված եղել։ Ձերբակալված անձ չկա: ՔԿ-ից մանրամասնել են, որ հոկտեմբերի 9-ին երեկոյան, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Չախոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքն ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ նրանք դիմել են փախուստի: Այդ ընթացքում նրանցից մեկը, ով սայթաքել և ընկել է, դանակով փորձել է հարվածել իրեն, սակայն ինքը, նրա ձեռքից բռնելով, խլել է այն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել առերևույթ դանակով հարձակված անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ։ Նույն օրը, երեկոյան, ավելի ուշ, հաղորդում է ստացվել է նաև Երևան քաղաքի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչում: Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքն ստացել է մարմնական վնասվածքներ: Առաջին հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, իսկ երկրորդ հաղորդման հիման վրա՝ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում՝ համատեղ քննություն կատարելու համար: Հաղորդում ներկայացրած երկու անձանց նկատմաբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի իրական հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին ներգրավված բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։ |