ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինի գլխավորած ռուսական պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ՝ Արցախից տեղահանված անձանց կարիքները գնահատելու, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական իշխանության այլ ներկայացուցիչների հետ մարզի համար հրատապ մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է այցի արդյունքները. «Ռուսաստանի համար շատ կարևոր է այն, ինչ կատարվում է Հայաստանում և Սյունիքի մարզում։ Հայաստանը և հայ ժողովուրդը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է աջակցել դրանց լուծմանը՝ կենտրոնանալով առաջին հերթին հումանիտար բնույթի հարցերի վրա: Ռուսաստանը շատ ակտիվ աշխատել և աշխատելու է, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը՝ չնայած բոլոր դժվարություններին, լուծվի կողմերի համար արդար հիմունքներով։ Առանց դրա տևական խաղաղություն դժվար է հաստատել, իսկ մեր նպատակն է, որ այստեղ խաղաղություն լինի՝ հատկապես այն մարդկանց համար, ովքեր տառապել են վերջին տասնամյակների ընթացքում և ցանկանում են հանգիստ կյանք իրենց ու իրենց երեխաների համար։ Մեկ այլ կարևոր հարց, որը քննարկվել է տեղի իշխանությունների հետ, վերաբերում էր Կապանում գլխավոր հյուպատոսության բացմանը։ Սա նոր և շատ կարևոր պահ է։ Մեզ մոտ այստեղ աշխատում է դիվանագետների առաջավոր խումբ, որը պատրաստվում է այդ բացմանը։ Ռուս զինվորականների և սահմանապահների ներկայությունն անփոխարինելի դեր է խաղում։ Առավել ևս, երբ իրավիճակը շատ լարված է, շատ են խոսակցությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղից հետո։ Սյունիքի մարզպետի հետ քննարկվել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի հարցը։ Կարևոր է տարածաշրջանում սոցիալապես պատասխանատու ռուսական բիզնեսի ներկայությունը. որ այն ընկալվի որպես հանրապետության զարգացման կարևոր գործոն, ինչպես նաև նպաստի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը»,- ասել է դեսպանը։ |