ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Կհանգեցնի՞ պաղեստինա-իսրայելական պատերազմը միջազգային նավթային ճգնաժամի». Վահե Դավթյան
19:18, 13.10.2023 | mamul.am
2005 | 0

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱՆ - 2
Կհանգեցնի՞ պաղեստինա-իսրայելական պատերազմը միջազգային նավթային ճգնաժամի: Շատերի կարծիքով՝ դրա հավանականությունը բավականին բարձր է: Զուգահեռներ են անցկացվում 1973թ. արաբա-իսրայելական 4-րդ պատերազմի հետ, որի հետևաքնով համաշխարհային նավթի շուկան հայտնվեց 20-րդ դարի ամենածանր ճգնաժամի պայմաններում:
Սակայն այսօր Պաղեստինի ու Իսրայելի միջև մղվող պատերազմն ունի մի շարք որակական տարբերություններ, որոնք դեռևս թույլ չեն տալիս նոր էներգետիկ ճգնաժամի մասին խոսել:
1. Այսօր արաբական աշխարհն այնքան կոնսոլիդացված չէ, ինչպես 1960-1970-ականներին, երբ պատերազմի ժամանակ Իսրայելին օգնելու համար որոշեցին առաջին անգամ կիրառել այսպես կոչված «նավթային զենքը»՝ արդյունահանման ծավալների կտրուկ կրճատման ու, հետևաբար, գնի գրեթե կրկնակի բարձրացման տեսքով: (Երեկ Քաթարը հայտարարեց, որ կսահմանափակի հեղուկացված գազի արտահանումը, եթե Իսրայելը շարունակի ռմբակոծել Գազան, սակայն ժամեր անց հերքեց դա):
2. Ի տարբերություն 1973թ-ի ճգնաժամի՝ այսօր գործում է ՕՊԵԿ-ին որոշակի հակակշիռ ապահովող կազմակերպություն՝ Միջազգային էներգետիկ գործակալությունը, որը կոչված է պաշտպանել նավթ ներկրող երկրների շահերը: 1974թ-ին ստեղծված գործակալության առանցքային գործառույթներից է նավթի ռազմավարական պաշարների ձևավորումն ու կառավարումը՝ որպես միջազգային էներգետիկ անվտանգության բարձիկ: Ռեզերվներըը բացվել են մի քանի անգամ՝ Պարսից ծոցի պատերազմի, Լիբիայում քաղաքացիական պատերազմի, «Քաթրին» և «Ռիտա» փոթորիկների, ինչպես նաև վերջին շրջանում՝ ուկրաինական դեպքերով պայմանավորված նավթի պակասորդի ժամանակ: Ու թեև այս պահին պաշարներն էապես կրճատվել են (հաշվի առնելով Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի կողմից որդեգրված արդյունահանման կրճատման քաղաքականությունը), այնուամենայնիվ, դրանք դեռևս կարևոր զսպող գործոն են հանդիսանում: Չմոռանանք, որ ռազմավարական պաշարներ ունի նաև Վաշինգթոնը:
3. Միջազգային նավթային ճգնաժամ կարող է սկսվել այն դեպքում, եթե Իրանն ուղիղ մասնակցություն ունենա ռազմական գործողություններին: Դա կնշանակի լարվածության էական աճ Պարսից ծոցում ու, մասնավորապես, Հորմուզի նեղուցում, որով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 25%-ը:
Ինչ վերաբերում է գազի շուկային, ապա ճգնաժամային միտումներն այստեղ թերևս ավելի հստակ են: Կանդրադառնամ առանձին գրառմամբ:
Շարունակելի»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր