Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կապված են հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետ, հոկտեմբերի 13-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Երևանի հետ՝ չնայած ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը։ «Հայաստանը եղել է, կա և կլինի մեր դաշնակիցն ու հարևանը, մի երկիր, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Համագործակցությունը շարունակում է արդիական մնալ այսօր։ «Տեսեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերը. այո, աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճի տեմպերով, այնտեղ, կարծես թե, 15 տոկոս է»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ այդ արդյունքը ինտեգրման հետևանք է։ |