ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
ԱԺ-ում սահմանաչափից շատ բենզին են ծախսում և չեն բացատրում՝ ինչու. «Ժողովուրդ»
09:12, 19.10.2023 | mamul.am
1682 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պաշտոնյաները, ավելի ճիշտ՝ ՔՊ-ականները, սահմանաչափից շատ բենզին են օգտագործում՝ փաստացի չհիմնավորելով, թե ինչու: Սա Նիկոլ Փաշինյանի քննադատած «պադավատապետությունն» է: Հարցում էինք ուղարկել ՀՀ Ազգային Ժողով՝ պարզելու, թե վերջին մեկ տարում (01/09/2022-31/08/2023) որքան բենզին են ծախսել ԱԺ բոլոր հանձնաժողովների նախագահներին սպասարկող ավտոմեքենաները:
Նաեւ խնդրել էինք պարզաբանել, թե ԱԺ պաշտոնյաները սահմանված չափից ավել որքան բենզին են ծախսել և ինչ անհրաժեշտությամբ: Պատասխան, իհարկե, ստացել ենք, սակայն դրանից ենթադրվում է, որ Աժ-ում խմբակ է գործում, որը պետության միջոցները մսխելու գործընթացը քողարկում է: Մեր ստացած պատասխանից բխում է, որ այդ խմբի կարկառուն ներկայացուցիչներից կարող են լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը և պատասխանը ստորագրած Լաուրա Անտոնյանը: Եւ այսպես, ըստ ԱԺ պաշտոնական պատասխանի՝ ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին՝ Սարգիս Խանդանյանին սպասարկող ծառայողական մեքենային ի սկզբանե հատկացված է եղել 3600 լիտր բենզին, սակայն հետագայում հավելյալ 170 լիտր էլ տրամադրվել է:
Թե ինչու է հավելյալ բենզինի կարիք ունեցել Խանդանյանին (նրանից առաջ՝ Էդուարդ Աղաջանյանին) սպասարկող մեքենան, ԱԺ պաշտոնական պատասխանում չկա: Ուսումնասիրելով նրանց գործունեությունը՝ պետք է ասել, որ նրանք գրեթե չեն եղել մարզերում, լավագույն դեպքում ԱԺ-ում ընդունել են միջազգային ներկայացուցիչների: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հետ չի մնացել իշխանավոր ընկերներից, և իրեն սպասարկող մեքենային հատկացված 3600 լիտրին ևս 290 լիտր բենզին ավելացնելու կարիք է եղել մեկ տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ սա նույն Անդրանիկ Քոչարյանն է, որը նաև օպերատիվ արտոնյալ համարանիշներով է շրջում, անցնում է կարմիր լույսի տակով և չի տուգանվում: Նա ամենաանպատիժ պաշտոնյաներից է դեռ:

Հավելյալ բենզինի կարիք է ունեցել նաև Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը (100 լիտր), Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը (80 լիտր), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը (70 լիտր) ու Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Թունյանը (60 լիտր): Նկատենք, որ թվարկված պաշտոնյաների շարժը ավելի շատ ԱԺ-ի մի սենյակից մյուսն է, առանց ավտոմեքենայի, քան խորհրդարանից դուրս աշխատանքային հանդիպումները, նիստերն ու քննարկումները, որոնք պատճառաբանել է ԱԺ-ն պաշտոնապես՝ իբրև հավելյալ բենզին պահանջելու անհրաժեշտություն:

Ավելին՝ պաշտոնյաները շատ են լինում արտերկրում, ու այդ ժամանակ ծառայողական ավտոմեքենաները չպետք է ոչինչ ծախսեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր