ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Բանակային կորպուսի, զորամասի, վաշտի հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք. գործն ուղարկվել է դատարան
10:06, 20.10.2023 | mamul.am
2312 | 0

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է N բանակային կորպուսի, զորամասի և վաշտի հրամանատարների կողմից՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով հակառակորդի առաջխաղացումը դեպի ՀՀ ինքնիշխան տարածք չկանխելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ Վ.Գ-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ին, զորամասի հրամանատար Ա.Մ-ին թույլատրել է ներկայանալ հակառակորդի հետ նախատեսված բանակցություններին: Այնուհետև, Ա.Մ-ից ստացել է զեկույց, որ հակառակորդը ճանապարհը բացելու վերաբերյալ կոնկրետ պատասխանի է սպասում, որից հետո անձնակազմին տվել է մարտական հերթապահության պարտականությունների կատարումից շեղող հրաման:

Տվյալ բնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Մ-ն բանակցությունները դադարեցնելու և հակառակորդի առաջխաղացումը մարտ վարելով կանխելու վերաբերյալ ժամանակին հրաման արձակելու փոխարեն՝ բանակցություններին ներկայացած հակառակորդի մյուս սպաների հետ շտապել է ՀՀ ՊՆ N զորամասի համահավաք վաշտի զինծառայողների կողմից զբաղեցված բնագիծ և բավարարվել միայն իր տեղակալ Գ.Ի-ի կողմից նշված վաշտի զինծառայողներին՝ «Մարտական դիրք» կեցվածք ընդունելու, նախազգուշական կրակ բացելու և հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնելու ու ՀՀ տարածք ներթափանցումը չթույլատրելու վերաբերյալ հրամանով, ինչի արդյունքում անձնակազմի հետ միասին հայտնվել է շրջափակման մեջ:

Համահավաք ստորաբաժանման վաշտի հրամանատարներ Մ.Փ-ն և Ա.Թ-ն, Գ.Ի.-ի հրամանով գործելու փոխարեն, տրվել են հակառակորդի հոգեբանական ճնշմանը և, առանց դիմադրության ու վերադասի թույլտվության, թողել զբաղեցրած բնագիծը՝ զորամասի հրամանատարի հետ ընկնելով շրջափակման մեջ:

Արդյունքում՝ հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է Հայաստանի ինքնաշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր:

Դատախազի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում էր կայացվել Վ.Գ-ի, Ա.Մ-ի, Մ.Փ-ի և Ա.Թ-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները փոփոխելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգքրի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը): Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր