ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանի հետ նոր հակամարտության մտավախությունների ֆոնին Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան․ #Politico
10:30, 24.10.2023 | mamul.am
3528 | 0

Ադրբեջանի հետ նոր հակամարտության մտավախությունների ֆոնին Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան, գրում է Politico-ն։

Ֆրանսիական զենքի մատակարարման մասին հայտարարությունն արվել է ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց հաղթանակի մասին՝ Լեռնային Ղարաբաղում կայծակնային ռազմական հարձակումից հետո, որը ստիպեց ավելի քան 100 000 էթնիկ հայերի լքել իրենց տները:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել, որ գուցե սա Ադրբեջանի տարածաշրջանային նկրտումների վերջը չէ, և այժմ ամբողջ ուշադրությունը սևեռված է «Զանգեզուրի միջանցքի»՝ Իրանի հետ Հայաստանի սահմանով անցնող տարածքի վրա:

Ֆրանսիան՝ Եվրոպայի ամենամեծ հայկական սփյուռք ունեցող երկիրը, հստակ հասկացրել է, որ չի պատրաստվում անտարբեր մնալ։

«Նույնիսկ եթե մենք միևնույն ռազմաքաղաքական դաշինքի մաս չենք կազմում, մենք պատկերացնում ենք այս պաշտպանական հարաբերությունները, որոնք հիմնված են այն պարզ սկզբունքի վրա, որ դուք պետք է կարողանաք պաշտպանել ձեզ և ձեր քաղաքացիական բնակչությանը»,- իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյան հետ ասուլիսում ասել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն։

Արևմուտքի կողմից աճող քաղաքական աջակցությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը ձգտում է հեռանալ Ռուսաստանից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած ամիս Politico-ի հետ զրույցում ասել էր, որ ժամանակն է դադարել հույսը դնել Ռուսաստանի վրա։

Փարիզը Երևանի հետ սկսել է մեծացնել պաշտպանական համագործակցությունը անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն Ադրբեջանի հարձակումն արագացրել է ռազմական կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը:

Երկուշաբթի օրը Հայաստանը պայմանագիր է ստորագրել Thales-ի կողմից արտադրված երեք Ground Master 200 ռադարների գնման մասին։ Նման ռադարներ են ուղարկվել Ուկրաինա՝ Ռուսաստանի ագրեսիային հակազդելու համար։ Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են նաև MBDA-ի կողմից արտադրված Mistral հակաօդային պաշտպանության համակարգի գնման գործընթացը սկսելու մտադրության մասին արձանագրություն։

«Ֆրանսիան առաջիկա ամիսներին Հայաստան կուղարկի ռազմական պաշտոնյայի՝ որպես հետազոտող խորհրդատու այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռազմական պատրաստությունը։ Ֆրանսիան նաև կպատրաստի հայ զինվորներին և կօգնի Երևանին փորձարկել Հայաստանի հակաօդային պաշտպանությունը»,- ասել է Լըքորնյուն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր