ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Ֆրանսիան հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային միջուկային հրթիռը
20:18, 19.11.2023 | mamul.am
4590 | 0

Ֆրանսիան նոր ռազմավարական բալիստիկ հրթիռ է հաջողությամբ փորձարկել՝ M51.3-ը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել։ Հրթիռը, ինչպես նախատեսված էր, ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում` ափից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը։

M51-ի երրորդ տարբերակը գործարկվել է Biscarrosse փորձարկման կենտրոնից` առանց միջուկային լիցքավորման՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Նոր զինատեսակները հնարավորություն կտան «պաշտպանել Ֆրանսիայի կենսական շահերը ցանկացած պարագայում», ընդգծել են գերատեսչությունում։

Ֆրանսիան ԵՄ միակ երկիրն է, որն ունի միջուկային զենք։ M51-ը պինդ վառելիքով աշխատող բալիստիկ հրթիռ է՝ 9000 կմ առավելագույն շառավղով և 52 տոննա արձակման քաշով, որը տեղակայվում է սուզանավերի վրա։ Իր բնութագրերով այն համեմատելի է ռուսական Բուլավայի և ամերիկյան Trident-ի հետ։ M51-ի երրորդ տարբերակի վրա աշխատանքներն սկսվել էին 2014թ.: Ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2025 թվականին։

Նոյեմբերի սկզբին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին «Բորեյ» դասի նոր միջուկային սուզանավից` «Կայսր Ալեքսանդր III»-ից: Հաղորդվում է, որ հրթիռն արձակվել է Սպիտակ ծովի հյուսիսից և խոցել Կամչատկայի հեռավոր արևելյան շրջանում գտնվող թիրախը։

Իր հերթին, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ ռուսական միջուկային զենքի կրիչների՝ Յարս և Բուլավա հրթիռների փորձարկումներն ավարտվել են անհաջող։ Հետախուզության գլխավոր տնօրինության տվյալներով՝ խնդիրներ են առաջացել նաև RS-28 Sarmat միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հետ կապված։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր