Լեհաստանի պետական լրատվամիջոցների՝ հանրային հեռուստատեսության, ռադիոյի և լրատվական գործակալության ղեկավարությունը պաշտոնանկ է արվել։ Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է Լեհաստանի կառավարությունը։ Նոր կառավարությունը պնդում է, որ «Օրենք և արդարություն» կուսակցության իշխանության ութ տարիների ընթացքում պետական լրատվամիջոցները դարձել են քարոզչության միջոց։ Վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիան խոստացել է ստեղծել նոր լրատվամիջոցներ, որոնք կունենան ավելի հավասարակշռված մոտեցում։ Նախօրեին Լեհաստանի Սեյմն ընդունել է «Պետական լրատվամիջոցների և Լեհաստանի մամուլի գործակալության իրավական կարգի, անաչառության և ամբողջականության վերականգնման մասին» բանաձևը։ Փաստաթղթում Սեյմը բոլոր կառավարական մարմիններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ ուղղված սահմանադրական կարգի վերականգնմանը՝ քաղաքացիների հավաստի տեղեկատվության հասանելիության և պետական լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ: «Օրենք և արդարադատություն« կուսակցության քաղաքական գործիչները չեն աջակցել որոշմանը։ |