Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և խաղաղության պայմանագիր կստորագրվի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանցի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է, որ տեսնում է Ադրբեջանի հետ խաղաղության իրական հնարավորությունների պատուհան։ «Մենք բազմիցս հայտարարել ենք մեր հավատարմությունը գործընթացին և, առհասարակ, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է Միրզոյանը։ Նա նշել է, որ բանակցություններն ընթանում են մի քանի փուլով, և այժմ աշխատանքներ են տարվում հատկապես խաղաղ համաձայնագրի նախագծի վրա։ «Խաղաղության հնարավորություն իսկապես կա՝ չնայած Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դժվարություններին և տեղահանությանը, ագրեսիվ հռետորաբանությանը։ Մի քանի օր առաջ Ադրբեջանից ստացանք հաջորդ առաջարկները, կուսումնասիրենք ու կարձագանքենք, կներկայացնենք մեր առաջարկները»,- նշել է Միրզոյանը։ Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և խաղաղ պայմանագիր կստորագրվի։ |