Իսրայելի կառավարությունը ծրագրում է զգալի թվով պաղեստինցիների տեղափոխել Գազայի հատվածից Եգիպտոս։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով։ «Ըստ առկա տեղեկատվության՝ Իսրայելի կառավարությունը պլաններ է մշակում զգալի թվով պաղեստինցիների Գազայի հատվածից Եգիպտոս վերաբնակեցնելու համար՝ նրանց անվտանգությունն ապահովելու պատրվակով»,- ասել է նա։ Նա նշել է, որ առաջին փուլում առնվազն 100 հազար մարդ կարող է վերաբնակեցվել հարևան պետության տարածքում։ «Հետագայում նախատեսվում է այդ ճանապարհով արտաքսել Գազայի բնակիչների ևս մի քանի խմբաքանակ»,- նշել է նա։ Մինչ այս հայտնի է դարձել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման` Եգիպտոսի եռափուլ ծրագիրը։ Այս մասին գրել է իսրայելական Times of Israel թերթը՝ հղում անելով Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Դիաա Ռաշվանին։ Նշվում է, որ Կահիրեն դեռևս սպասում է պատանդներին ազատելու և Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի պատասխաններին։ |