ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ռուսական զինվորական հրամանատարությունը ցանկանում էր Անդրանիկին կանգնեցնել ռազմական դատարանի առջև». Արշալույս Զուրաբյան
22:36, 29.12.2023 | mamul.am
6771 | 0

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ
1916 թ. ձմռանը ռուսական զորքերը, որոնց առաջին շարքերում կռվում էին հայ կամավորները, մտնում են Խնուս, Մուշ, Կարին ու Բաղեշ: Փետրվարի 7 (19)-ի գիշերը Անդրանիկն իր կամավորական ջոկատով գրավում է Բիթլիսը (Բաղեշ), այնուհետև քաղաք են մտնում գեներալ Աբացիևի զորամասերը: Բաղեշի մեջ մնացել էին հրաշքով փրկված շուրջ երեք հարյուր հայ կանայք ու մանուկներ, որոնց Անդրանիկն ուղարկում է Վան:
Քաղաքում սկսվում է կողոպուտ և այն, ինչ թուրքերն ու քրդերը չէին հասցրել տանել՝ բաժին է հասնում կազակներին: Գեներալ Դմիտրի Աբացիևը, որը չէր էլ թաքցնում հակակրանքը հայերի հանդեպ, մի օր Բիթլիսի մեջ հանդիպում է գորգը շալակն առած մի հայ կամավորի: Նրա այն հարցին, թե որտեղից է այն ձեռք բերել, կամավորը պատասխանում է, որ գնել է մի ռուս զինվորից:
Աբացիևի հրամանով հայորդուն ձերբակալում են: Իմանալով այդ մասին՝ Անդրանիկը շտապում է գեներալի մոտ: Երբ վերջինս ասում է, որ հայերը Բիթլիսը թալանում են, Անդրանիկը պայթում է.
- Բիթլիսը տասնվեց հազար հայ բնակիչ ուներ, ո՞ւր են այդ հայերը, որտե՞ղ են նրանց հարստությունները: Արդյո՞ք մեկ միլիոն հայ նահատակները քեզ բավարարություն չտվին, որ ուզում ես հայ կամավորներին էլ չարչարել։
Ամիսներ անց հայատյաց գեներալը Կովկասի փոխարքա, ցարի հորեղբայր Նիկոլայ Ռոմանովին գրում է. «Բիթլիսում Անդրանիկի գունդը 5.500 անմեղ թուրք է կոտորել: Օրեր ու շաբաթներ տևեցին՝ մինչև նրանց դիակները թաղեցինք...»:
Բոլորը սպասում էին, որ Անդրանիկը կկանգնի ռազմական ատյանի առջև, բայց ռուսական զինվորական հրամանատարությունը, վախենալով հերոսի ժողովրդականությունից ու հայերի վերժխնդրությունից, որոշում է առժամանակ հետ կանգնել այդ մտադրությունից:
Կովկասյան ճակատի հրամանատարներից մեկը՝ գեներալ Պյոտր Օգանովսկին, այդ օրերին գրում է. «Մենք հետապնդում էինք այնպիսի նպատակ, որ պատերազմը վերջանալուն պես հնարավորություն ունենանք ԱՆՄԻՋԱՊԵՍ ԵՎ ԱՐԱԳ ԶԻՆԱԹԱՓԵԼ ՀԱՅԵՐԻՆ: Նրանք պետք է փոխեն իրենց մտածողությունն ու աշխարհայացքը, հրապարակայնորեն հայտարարեն և գործով ապացուցեն, որ կռվում են ոչ թե ինքնավար Հայաստանի, այլ որպես ռուսական կայսրության քաղաքացիներ՝ Ռուսիայի համար, այլապես հայերի նպատակադրումներն իրենց վրա թանկ կնստեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր