ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Նա պատասխանել է 2023 թվականի վերջին քաղաքացիների՝ իրեն ուղղված հ արցերի, փոխանցում է «Առավոտ»-ը։ Արմեն Աշոտյան․ «Հարցն ընթերցելիս, հիշեցի մի քաղաքական ճշմարտություն։ Դիվանագիտությունը շանը մի ձեռքով շոյելու արվեստ է, մինչ մյուս ձեռքը կհասնի փայտին։ Նիկոլին կարող են ընդունել, գրկել, շոյել, հյուրասիրել և օգտագործել Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում և Փարիզում, քանի դեռ հայ ժողովուրդը հանդուրծում է այն դառը իրականությունը, որն աշխարհին ներկայացնում է հենց Նիկոլը։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքի վրա․ եթե Հայաստանում մեդիա դիսկուրսը Նիկոլ-Պուտին հարթության վրա էր, ապա ռուսական դաշտում պիտերյան հանդիպումը Փաշինյան-Ալիև հանդիպման վրա էր կենտրոնացած։ Ակնհայտ է, որ Փաշինյանը գերագնահատում է իր խաղաքարտերի կշիռը ռուսական քաղաքական տրցակում։ Թե արևմտամետները, թե ռուսամետները նույն ձևով են արձագանքում Նիկոլի մասնակցությանը․ «տեսա՞ք, գնաց»՝ տարբեր իմաստներ դնելով այդ երկու բառի մեջ։ Թե հայ-ռուսական հարաբերությունների խորացող ճգնաժամը, թե գեոպոլիտիկ ավանտյուրիզմը մեկ այցով չեն բուժվում։ Ուստի, աշխարհաքաղաքական փլատակների տակ վերջնականապես չմնալու համար ես կառաջարկեի կենտրոնանալ Նիկոլի` ոչ թե Մոսկվա, Պեկին կամ Բեռլին գնալու, այլ պաշտոնից գնալու վրա»։ |