ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Նոր տարին լավ տոն է, բայց միայն մի դեպքում»․ Նաիրի Հոխիկյան
09:30, 31.12.2023 | mamul.am
3058 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում այս տարի էլ Նոր տարվա սեղանները ծանրաբեռնված կլինեն տարբեր տեսակի ուտելիքներով ու խմիչքով, բայց դրա մեծ մասը հունվարի 3-ից հետո կթափեն։ Ու կրկին մարդիկ կասեն, թե սա վերջին տարին է, որ այդքան մեծ անիմաստ ծախս անեն՝ բնականաբար, հաջորդ տարվա ավարտին էլի նույն ծախսը կանեն։ Մարդը կենդանուց առանձնանում է հիշողությամբ, բայց, ցավոք, դա Ամանորյա սեղանների ծախսին չի վերաբերում։
Տևական ժամանակ է, իմ ընտանիքը Նոր տարվա սեղանի համար շատ քիչ ծախս է անում։ 2020-ից հետո այդ ծախսը դարձել է զուտ արարողակարգային։ Նոր տարին ուտելու տոն չի, որ մարդիկ սեղանները ծանրաբեռնեն, հետո շաբաթներ շարունակ ստամոքսի խանգարումների դեմ պայքարեն։ Իմ ընտանիքը Ամանորյա տոներն օգտագործում է նախևառաջ հայրենաճանաչության նպատակով։ 2022-ին, օրինակ, երեխաներս Նոր տարին անցկացրին Արցախում, 2023-ին՝ Սյունիքում։
Մեր հանրության մեջ տարածված մյուս արատավոր սովորույթը Նոր տարվա օրերին միմյանց տուն ձևական գնալն է, երբ տուն են մտնում, շնորհավորում ու 5 րոպե հետո դուրս գալիս։ Առավել վիրավորական է, երբ հրաժարվում են սեղանից մի ուտելիք վերցնել՝ ասելով, թե էնքան տեղ պիտի մտնենք, հոգնել ենք ուտելիքներից։ Այսինքն մարդիկ միմյանց այցելելը դիտարկում են ոչ թե որպես սրտաբաց շնորհավորանքի առիթ, այլ ուղղակի պարտք, որն անում են չկամորեն։
Ես ինքս նման դեպքերում ասում եմ՝ ինձ համար անցանկալի են չկամորեն պարտք կատարողները։ Եկեք մաքուր սրտով, եկեք բարեկամաբար, եկեք ուրախանալու և ուրախացնելու համար։ Իսկ եթե մարդը գալիս է, որ 5 րոպե հետո վեր կենա, թե հոգնել է տնից տուն գնալուց, ավելի լավ է իմ տուն չգա, քանի որ ես ձևական հարաբերություններ չեմ ընդունում։
Նոր տարին լավ տոն է, բայց միայն այն դեպքում, երբ ունես երջանիկ հայրենիք ու գալիքի լուսավոր ճանապարհ, իսկ ցավի, տառապանքի ու հարյուր հազարավոր գաղթականների կողքին տոնելիս այն մնում է կոկորդումդ կանգնած։ Եթե, իհարկե, մարդ ես»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր