ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+36 °C, +20 °C ... +36 °C Վաղը`+36 °C
«Ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր, իրական եղբայրական կապերը պահանջված են ավելի, քան երբևէ». Կոպիրկինի շնորհավորանքը
17:18, 31.12.2023 | mamul.am
1109 | 0

Ռուսաստանն ու Հայաստանն անցնող տարում շարունակել են ավելացնել երկկողմ համագործակցության առկա ներուժը։ 2023 թվականին նոր խթան են ստացել մշակութային, գիտական և կրթական կապերը, ինչը ցույց է տալիս ժողովուրդների խոր մշակութային և հոգևոր ընդհանրության պահպանումը: Այս մասին ասված է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ամանորյա շնորհավորական ուղերձում։

Դիվանագետը նշել է, որ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացել և ընդլայնվել են: Ռուսաստանը մնացել է հանրապետության հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը հայկական տնտեսության մեջ: Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ոլորտում խորացել է համագործակցությունը: Հաջողությամբ առաջ է ընթացել կոոպերացիան Եվրասիական տնտեսական միության ձևաչափով, ասել է նա։

Դիվանագետը համոզված է, որ երկու երկրների ակտիվ մասնակցությունը համատեղ ինտեգրացիոն նախագծերին նպաստում է ինչպես ընդհանուր զարգացմանը, այնպես էլ երկու պետությունների ինքնիշխանության ամրապնդմանը ներկայիս շատ բարդ և տագնապալի աշխարհում:

«Ավարտվող տարին դարձավ նաև ժամանակակից Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկը։ Ավելի քան 100 հազար ղարաբաղցիներ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը՝ ետևում թողնելով տները և իրենց սովոր կենսաձևը։ Հնարավոր չէ ամբողջությամբ պատկերացնել, զգալ մարդկանց ցավն ու տարակուսանքը, որոնք դարձել են այդ ողբերգական իրադարձությունների զոհը: Ռուսաստանցիներն այդ ցավն ընդունեցին ինչպես իրենցը: Առաջին իսկ օրերից Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերել հարկադիր տեղահանվածներին ինչպես հասարակական և մասնավոր կազմակերպությունների միջոցով, այնպես էլ պետական մակարդակով»,- հավելել Է դեսպանը։

Նա շեշտել է, որ միևնույն ժամանակ Ռուսաստանը, հենվելով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի վրա, շարունակել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը հաստատակամորեն աջակցելու գիծը: Ըստ դեսպանի` Մոսկվան նախաձեռնողականորեն և հաստատակամորեն օժանդակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Այդ քրտնաջան աշխատանքը, չնայած բոլոր առկա դժվարություններին, անշուշտ կշարունակվի: Այսօր՝ աշխարհակառուցվածքի պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր, իրական եղբայրական կապերը պահանջված են ավելի, քան երբևէ. դա մեր ընդհանուր ժառանգությունն է, առանց որի պահպանման մեր երկրներին շատ ավելի դժվար կլիներ ապահովել իրենց արժանապատիվ և ամուր տեղը նոր աշխարհակարգում: Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների անբաժանելի մաս են կազմում սերտ միջմարդկային շփումները»,- հայտարարել է նա։

Վերջում դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով գալիք տարում խաղաղություն, համերաշխություն և բարգավաճում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր