ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Երեք Արշակունիների ժամանակաշրջանը կարծես վերապրենք». Հարություն Խուդանյան
00:48, 02.01.2024 | mamul.am
3272 | 1

Պատմաբան Հարություն Խուդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿՐԿՆՎՈՂ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Արշակունի երեք թագավորները` Տիրանը, Արշակը և Պապը (պապ, որդի և թոռ), սեփական բացարձակ իշխանության համար պայքարում բախվեցին եկեղեցու, ազնվականության, Հռոմեական կայսրության ու Պարսկաստանի հետ։ Արդյունքում այս երեք միապետերն էլ կործանվեցին իրենց իսկ բռնած ուղու պատճառով, իսկ երիտասարդ ու տաքարյուն Պապի վարած առավելապաշտական քաղաքականությունը հանգեցրեց նախ իր սպանությանը, ապա Մեծ Հայքի թագավորության բաժանմանը, իսկ ավելի ուշ` այդ հատվածների թուլացմանն ու թագավորության վերջնական կործանմանը։ Թագավորության կորստից հետո հայերը սեփական հավատը և ինքնությունը պահպանելու համար ստիպված էին ավելի ցածր կազմակերպվածությամբ, բայց միաժամանակ ուժերի գերագույն լարումով պայքարել պարսիկների ու արաբների դեմ։ Ահա թե ինչի հանգեցրեց վերոհիշյալ երեք թագավորների քաղաքական բացարձակ ախորժակն ու հնարավորությունները ոչ սթափ գնահատելը։ Ընդ որում, նրանք մեկը մյուսի հետևից կրկնեցին իրենց նախորդի սխալները։
Ի՞նչ կատարվեց 2018-2023 թվականներին։ Պետական ինքնիշխանության ամրապնդման պատրվակով տեղի ունեցավ հարաբերությունների կտրուկ վատթարացում Ռուսաստանի` մի դաժան ու հետադիմական, վրեժխնդիր գերտերության հետ, դրանով իսկ` Թուրքիայի քաղաքականությունն ավելի սանձազերծ դարձավ, իսկ Ադրբեջանը գրավեց Արցախն ու դե ֆակտո վերացրեց նրա պետականությունը։ Արևմուտքի հետ հարաբերությունները անորոշ ու տարտամ են` արդյո՞ք վերջինս տեր կկանգնի հայոց պետականությանը, թե՞ կրկին կմնանք միայնակ ու անօգնական։ Վատթարացան հարաբերությունները նաև եկեղեցու հետ։ Առաջացավ անջրպետ հասարակական տարբեր շերտերի ու խավերի միջև, սասանվեց ընդհանուր պետական հայեցակարգի վերաբերյալ քաղաքական համախմբվածությունը։ Սրանից առավել բարդ իրավիճակ դժվար թե պատկերացնենք։ Ճիշտ նույն` այդ երեք Արշակունիների ժամանակաշրջանը կարծես վերապրենք` ներսում խառն ենք, դրսում չենք կողմնորոշվում ու ձեռք ենք բերում «դաշնակից» թշնամի։
2024 թվականը ծանր տարի է լինելու հայության, գուցե ողջ տարածաշրջանի ու առհասարակ Երկիր մոլորակի համար։ Վիշապը պատերազմի, արյան ու անհանգստությունների, խռովությունների խորհրդանիշ է։ Երկնային ուժերը մեզ օգնական»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր