ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Թբիլիսիի հայկական եկեղեցին մոտ ապագայում հանրության համար անհասանելի կլինի և կփլվի. ահազանգ
10:00, 02.02.2024 | mamul.am
2429 | 0

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն ահազանգում է. «Թբիլիսիի երբեմնի ամենաբարձր գմբեթով եկեղեցին՝ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (կամ Կարմիր Ավետարան) շուտով կդառնա անհասանելի և շենքերով շրջապատված՝ թողնելով մտավախություն, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին կամ վերադարձնել տիրոջը, մինչև այն վերջնականապես փլվի և նմանվի Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն, որը վերջնականապես ավերվել է հորդառատ անձրևներից։
2016 թվականին, եկեղեցու արևելյան պատից հինգ մետր հեռավորության վրա մեկնարկել է բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մեջ, բայց, ցավոք, հասարակության արտահայտած մտահոգություններն ու դժգոհությունը ցանկալի արդյունքին չհանգեցրին։ Կառուցվել է հյուրանոց, որը բացի եկեղեցու հիմքը վնասելուց, լուրջ վտանգ են դարձել պատմամշակութային կոթողի մնացորդների համար և այդ շինարարության կառուցման պատճառով կորցնում է իր ճարտարապետական արժեքը։

Հիշեցնենք, որ 2018 թվականին կիրակնօրյա մեկ պատարագից հետո, Հավլաբարի Էջմիածնի եկեղեցու մի խումբ հավատացյալներ խաղաղ երթով շարժվեցին դեպի Կարմիր Ավետարան եկեղեցի, որտեղ եկեղեցու պատի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և աղոթք։ Ցավոք, պետք է նշել, որ այսօր այս պատը նույնպես անմատչելի է` մի կողմից հյուրանոցի պահակային սենյակն է, մյուս կողմից` հավանաբար, նույն հյուրանոցի կայանատեղին, իսկ պատի երկայնքով տնկված եղևնիները` բավականին մեծացել են, ինչպես բարձրությամբ, այնպես էլ լայնությամբ:

Բացի այդ, 2023 թվականի վերջին եկեղեցուն հարող ավտոկայանատեղիում տեղադրվել է պաստառ, որի համաձայն տարածքը վաճառվում է, ինչը հիմք է տալիս մտածելու, որ եկեղեցին մոտ ապագայում հանրության համար անհասանելի կլինի:

Կոչ ենք անում բոլոր նրանց, ում պարտականության մեջ է մտնում այդ հարցը, ուշադրություն դարձնել ժամանակին, քանի դեռ ուշ չէ։

Հույս ունենք, որ դեպի Եվրոպա քայլող Վրաստանի կառավարությունը պատմամշակութային արժեքներին ճիշտ վերաբերմունք կցուցաբերի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր