ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
«Տո՞ն, թե՞ ողբերգություն». Ավդեևկայի գրավման համար Ռուսաստանը տվել է 50 հազար զոհ
21:54, 18.02.2024 | mamul.am
7680 | 2

Ավդեևկայի համար ճակատամարտը խլեց ռուսական բանակի 50 հազար զինվորի կյանք։ Այս մասին փետրվարի 18-ին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի Տավրյան ուղղության պաշտպանության ուժերի մամուլի կենտրոնը։

Ըստ ուկրաինական կողմի՝ Ավդեևկայի վրա ռուսական բանակի լայնածավալ հարձակումը, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, ավարտվել է ռուսական կողմի համար աներևակայելի կորուստներով՝ զոհվել է 47 հազար զինվոր, ոչնչացվել 364 տանկ, 248 հրետանային համակարգ, 748 զրահատեխնիկա, ավտոմեքենաներ և 5 ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարեց Ավդեևվկայից Պաշտպանության ուժերի հաջող դուրսբերման մասին՝ դեպի քաղաքից դուրս նախապատրաստված բնագծեր։ Նահանջը հսկել է Ուկրաինայի Զինված ուժերի էլիտար 3-րդ գրոհային բրիգադը, որը ռուսներին թույլ չի տվել քաղաքի պաշտպաններին առնել «կաթսայի» մեջ։

Ռուս զինվորական, հայտնի բլոգեր Անդրեյ Մորոզովը` Մուրզը, գրում է. «Ավդեևկայի արյունալի գրավման համար ռուսական հրամանատարությունը չպետք է պարգևներ ստանա, այլ միասին բանտ նստի։ Ընդամենը 4 ամսում Ռուսաստանի Զինված ուժերի կորուստներն այս հատվածում գերազանցել են այն կորուստները, որոնք Ռուսաստանը կրել է աֆղանական պատերազմում»։

Մուրցը հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը հերթական անգամ վարպետորեն գերազանցել է ռուսականին և իր բոլոր ստորաբաժանումները դուրս է բերել ավերված Ավդեևկայից։ Մեկ այլ ռուս Մաքսիմ Կալաշնիկովը գրում է, որ Ռուսաստանը պետք է նշի ոչ թե տոն, այլ ողբերգություն. «Ռուսները չկարողացան շրջապատել ուկրաինական ստորաբաժանումները, որոնք կարողացան լքել ավերված քաղաքը։ Ավելին, ամիսներ տևած գրոհի ընթացքում ռուս զինվորականներն այնպիսի մեծ կորուստներ ունեցան, որ անհնար է տոնել Ավդիևկայի գրավումը։ Սա տոն է` արցունքոտ աչքերով։ Պարզվեց, որ ստորաբաժանումներից շատերն ուղղակի ջնջվել են երկրի երեսից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր