24News լրատվական կայքի խմբագրակազմը հայտարարություն է տարածել՝ «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ 24News լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանն ու օպերատոր Ասատուր Ասլանյանն այսօր՝ փետրվարի 20-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Նրանց թվում է եղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։ Ի սկզբանե, թիկնազորի անդամները մեր նկարահանող խմբին ասել են, որ Շահրամանյանը չի պատրաստվում հարցազրույց տալ, ինչին էլ մեր գործընկերներն ըմբռնումով են մոտեցել՝ հաշվի առնելով թե՜ վայրը, թե' այն անվտանգային մարտահրավերները, որոնք կարող են առաջացնել Շահրամանյանի խոսքերը։ Այսինքն, 24News-ի նկարահանող խումբը կարող էր ընդառաջ չգնալ այդ հորդորին, սակայն որոշել է ընդամենը նկարահանումներ իրականացնել։ Չնայած դրան՝ Շահրամանյանի ուղեկցող անձը, որի անունը, ըստ մեր տեղեկությունների Աշոտ Դանիելյան է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։ Այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի ներկայությամբ, վերջինս ոչ մի կերպ չի սաստել իր աշխատակցին։ |