Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա խնդրի մասին ավելի լուրջ: Այն, որ արտագնա աշխատանքի մեկնողները կարող են հարկվել, կամ պետք է հարկվեն, ըստ իս՝ առնվազն քննարկման հարց է: Այստեղ կա իհարկե տվյալ երկրի հետ իրավակարգավորումների խնդիրը՝ կրկնակի հարկումից խուսափելու համար, կան նաև էթիկական խնդիրներ: Բայց, այդ բոլորը կարող է քննարկվել, կարող են բերվել փաստարկներ՝ այս կամ այն դիրքորոշումը հիմնավորող կամ հերքող:
Բայց, այդ ամենը ՉԻ ԿԱՐԵԼԻ անել, ՎՏԱՆԳԱՎՈՐ է անել շեշտադրումներով ու ձևակերպումներով, որոնք, եթե պայմանական ասենք, սեպ են խրում Հայաստանում ապրող ու աշխատողների և արտագնա աշխատանքի մեկնողների միջև, խթանում փոխադարձ անհանդուրժողություն, ստեղծում նախադրյալներ, որ ինչ որ մարդիկ սկսեն խոսել՝ թե «դրանք» ինչի՞ պետք ա Հայաստանում սրանից կամ նրանից օգտվեն, եթե Հայաստանում չեն վճարում հարկ: Եվ արդեն կան այդպիսի «նարատիվներով» բարձրաձայնումներ, չգիտեմ՝ ֆեյք, թե իրական մարդկանց միջոցով:
Քաղաքական նկատառումներով հայաստանցի-արցախցի տարատեսակ բաժանումներից հետո, հիմա էլ հերթը գալիս է հայաստանցի-«խոպանչի՞» բաժանումների:
Կրկնեմ, հարկել, թե ոչ, հարցը կարող է առնվազն քննարկվել, եւ նույնիսկ կարող է և իրավացի են հարկման կողմնակիցները: Բայց ՉԱՓԱԶԱՆՑ վտանգավոր է այն տրամաբանությունն ու խոսույթը, որը կամա, թե ակամա խթանելու է «հայաստանցի»-«խոպանչի» նոր բաժանարար: Եղածները երևի արդեն քիչ են, չունեն պետք եղած օգտակարությունը»: