«Հրապարակ»-ը գրում է․ «Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմինը վերջերս ստուգումներ է անցկացրել «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցում։ Մեր տեղեկություններով, ստուգումները կապված են ստվերային աշխատողներ պահելու, այսինքն` աշխատողներին գրանցելու հարցի հետ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնից։ Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ խախտումների հետ են դրանք կապված եղել, և ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, տեսչական մարմնից փոխանցեցին․ «Հունվարի 11-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Թեժ գիծ ծառայությամբ տեղեկատվություն է ստացվել, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցում խախտվում են աշխատակիցների աշխատանքային իրավունքները: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 2024 թվականի հունվարի 12-ին Տեսչական մարմնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որը գտնվում է ընթացիկ փուլում»»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |