«Օսկար 96»-ում «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի և ջարդերի մասին։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն պատմում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին։ Նա ծնվել-մեծացել է Բաքվում, ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, բայց 1987 թ-ից հետո սկսվեցին շարժումները և Ադրբեջանում ապրող հայերին վռնդեցին երկրից։ «Ամեն օր ավելի վտանգավոր էր դառնում, և մարդիկ վախենում էին ապրել այնտեղ։ Իմ հայրը լավատես էր, ասում էր` ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին վատ բան չեմ արել, որ մեզ նեղացնեն։ Բայց նրան աշխատանքի վայրում սպանեցին»,- պատմում է Սթիվ Բաղմանյանն ու հուզվում։ Ֆիլմի ռեժիսորներ են Բեն Պրադֆութը, Քրիս Բոուերսը։ |