ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումն սկսել և ավարտել Տավուշի հատվածում»․ «Ապրելու երկիր»
21:48, 12.03.2024 | mamul.am
5489 | 0

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատման աշխատանքներն, ըստ էության, սկսվելու են Տավուշի մարզից։ Սա, փաստացի, երկու ամիս առաջվա Ալիևի հայտարարության կրկնությունն է, ըստ որի, սահմանազատման հանձնաժողովը քննարկում է մեկ հարց՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը։

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը Արցախյան վերջին պատերազմի հետ որևէ առնչություն չունի և այս 30 տարիների ընթացքում էական փոփոխությունների չի ենթարկվել։ Սահմանի մնացած հատվածը (առանց Նախիջևանի մասի) ձևավորվել է 2020թ. պատերազմից հետո և վերջին տարիների ադրբեջանական ագրեսիայի արդյունքում այդ հատվածում Ադրբեջանն ունի էական առաջխաղացում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում։ Արդյունքում, այդ հատվածում էլ կունենա էական առաջխաղացում՝ հետագայում հավերժ ձգձգելով սահմանի՝ մեզ համար կարևոր հատվածի սահմանազատումը։

Հայաստանը պետք է հստակեցնի սահմանազատման իր սկզբունքները՝ գործընթացն սկսելով այն հատվածներից, որտեղ վերջին տարիներին ռազմական գործողությունների արդյունքում առկա է ադրբեջանական զորքերի առաջխաղացում։

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ի զորու չեն այս գործընթացում ևս արձանագրել հայանպաստ լուծումներ, հետևաբար, հրավիրում ենք նաև միջազգային հանրության աջակցությունը, մասնավորապես գործընթացում կարևորելով ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում առկա սկզբունքները և մոտեցումները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր