ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը տարածք առ տարածք խնդիր է դրել զավթել Հայաստանը». Ստեփան Դանիելյան
22:30, 12.03.2024 | mamul.am
1788 | 0

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի հիմնական նպատակն այն է, որ ասեր՝ Հայաստանի տարածքը ոչ թե 29800 քառակուսի կիլոմետր է, այլ ավելի քիչ։ Ընդ որում, վստահաբար ասուլիս հրավիրելու որոշումն իրենը չէր, այլ Ադրբեջանի նախագահինը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին։

Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե նախկինում ՀՀ տարածքի համար շրջանառության մեջ դրված 29800 քկմ թիվն, իբր, կլորացված է և իրականում այն ավելի փոքր է։

Դանիելյանն ընդգծեց, որ Ադրբեջանը առաջ էր քաշել անհապաղ իրեն հանձնել 4 անկլավները։ «Հասկանալի է, որ դա ուլտիմատում է, այսինքն, այս հայտարարությանը հաջորդելու են դեպքեր, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ռազմական կերպով մտնելու է այդ տարածքները։ Դիմադրություն կլինի՞, թե՞ ոչ.... հաշվի առնելով այսօրվա կառավարության պահվածքը՝ ենթադրում եմ, որ չի լինի»,- ասել է քաղաքագետը։

Ըստ նրա՝ Փաշինյանի ասուլիսը արձագանքն է այդ վերջնագրին։ «Փաշինյանը հող է նախապատրաստում այդ տարածքները հանձնելու համար, դրա համար էլ հենց այսօր կազմակերպեց այդ ասուլիսը։ Ենթադրում եմ՝ փակ հանդիպումների ընթացքում նա ժամանակ է խնդրել՝ միգուցե, ասել է, սպասեք, ես հայտարարեմ, որ օրինական եղանակով լինի։ Այսինքն, Փաշինյանը ենթարկվում է Ադրբեջանի օրակարգին և կատարում նրանց պահանջները»,- արձանագրել է Դանիելյանը։

Հարցին, թե ինչու է հենց Տավուշից սկսվելու սահմանազատումը, ինչպես այսօր հայտարարեց Փաշինյանը՝ Դանիելյանը նկատեց, որ Սյունիքը կարևորագույն աշխարհաքաղաքական տարածք է և եթե այնտեղ ինչ-որ բաներ տեղի ունենար՝ հնարավոր է, որ Իրանն այլ կերպ արձագանքեր։

«Պատահական չէ, որ ամիսներ առաջ Թուրքիայի նախագահն ասաց, որ հենց Իրանը թույլ չի տալիս բացել Զանգեզուրի միջանցքը, ինչպես նաև Իրանը զորքեր է մոտեցրել սահմանին։

Այսինքն, եթե Սյունիքում գործողություններ սկսվեն, ապա դա կարող է միջազգային երանգ ունենալ, իսկ Տավուշից մի գյուղ այս կողմ, երկուսն՝ այն կողմ, էական նշանակություն չունի։ Այսինքն, Ադրբեջանը տարածք առ տարածք խնդիր է դրել զավթել Հայաստանը, ընդ որում՝ Ադրբեջանն էլ է ասում, որ դա սկիզբն է, որից հետո անցնելու են իրենց մյուս պահանջներին ևս»,- ասաց քաղաքագետը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր