Մեծ յոթնյակի (G7) երկրները պատրաստ են քայլեր ձեռնարկել և արագ համակարգված պատասխան տալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ փոխանցի Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների հայտարարության մեջ, որը տարածել են Reuters-ը և ANSA-ն։
Հայտարարության մեջ, որը մեջբերում է ANSA-ն, նշվում է, որ Յոթնյակի խումբը «չափազանց անհանգստացած է», որ Իրանը «դիտարկում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ փոխանցելու հնարավորությունը»: «Մենք խնդրում ենք Իրանին ձեռնպահ մնալ դրանից, քանի որ դա կնպաստի հետագա ապակայունացմանը և կնշանակի աջակցություն ռուսական ագրեսիային»,- ասվում է տեքստում։
«Մենք պատրաստ ենք արագ արձագանքել և համակարգված պատասխան տալ՝ ձեռնարկելով էական նոր միջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ։ Այն նաև նախազգուշացնում է բոլոր «երրորդ երկրներին», որ «կենթարկվեն պատժամիջոցների», եթե նրանք որևէ աջակցություն ցուցաբերեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններին: