ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ո՛չ քո հոր տարածքներն են, ո՛չ դու սուլթան ես, ո՛չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ հանձնում ես». Բագրատ Սրբազան
17:30, 17.03.2024 | mamul.am
4213 | 0

Խոնարհ հարսի նման գլուխներս կախ պիտի թույլ տանք, որ մեր հայրենիքը հանձնվի՞, թե՞ պետք է ընդդիմանանք, կտրենք այդ ձեռքը, որ փորձում է մեր տունը խառնել, նախօրեին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամերգությունից առաջ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Տավուշ աշխարհից, այսպես կոչված, 4 գյուղեր, հետո անշուշտ հերքելով, որ գյուղեր չեն դրանք, տարածքներ են, տրվելու են թշնամուն: Դա ոչ միայն թշնամական պահանջ է, այլ նաև, ցավոք սրտի, ՀՀ կառավարության ու նրա ղեկավարի թուլակամության ու, կարող եմ հստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտությունն է»,- ասել է նա:

Սրբազանի խոսքով՝ որևէ մեկն իրավունք չունի հանձնել իր հայրենքի որևէ տարածք:

«Հիմա էլ ասում են՝ ոչ, գյուղեր չենք հանձնում, տարածքներ են դրանք: Ո՛չ քո հոր տարածքներն են, ո՛չ դու սուլթան ես, ո՛չ խան ես, ո՛չ թագավոր ես, ո՛չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ հանձնում ես կամ փորձում ես հանձնել: Գյուղ են, թե գյուղ չեն, որևէ կարևորություն չկա, մեր հայրերի ու եղբայրների արյունն ավելի շատ է այստեղ, այս հողերը, դաշտերը արյունով են անընդհատ ոռոգվել ջրի փոխարեն»,- ընդգծել է Տավուշի թեմի առաջնորդը:

Սրբազանն ասել է` Տավուշի գյուղերի հանձնումը կլինի ոչ թե պատմության վերջին էջը շրջել, այլ` հայության պատմության գիրքը փակել:

«Հուսախաբ անեմ ձեզ, չի՛ լինելու այդպես, ինչ միջոցներ էլ գործադրեք՝ խաբեք, մանիպուլացնեք, ժողովրդին պատերազմով վախեցնեք: Մենք ձեզ հետ պատերազմ չենք կարող գնալ, տեսել ենք ձեր վարած պատերազմը, ՀՀ կառավարություն և նրա գլուխ»,- նշել է Սրբազանը:

Մանրամասն` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր