ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Առերևույթ ահաբեկչության վարույթով ձերբակալվածներից երկուսը կալանավորվել են
12:36, 27.03.2024 | mamul.am
1511 | 0

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ոստիկանության Երեվան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում առերեվույթ ահաբեկչության վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են։
ՔԿ-ն արդեն տեղեկացրել էր, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին 3 անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելով պահանջներ ներկայացնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ, պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ առերևույթ հանցավոր արարքները կատարած երեք անձանց՝ Ս.Հ.-ի, Վ.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Դատախազի կողմից հիշյալ միջնորդությունները բավարարվել են, և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ս.Հ.-ի և Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշմամբ բավարարվել են։
Ա.Մ.-ն շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված է վերջինիս ձերբակալելու որոշում։

Աղբյուրը` ՀՀ ՔԿ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր