ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր». ԱԳՆ
00:00, 28.03.2024 | mamul.am
3370 | 1

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման: Այդ մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու, բանակցային գործընթացում հայկական կողմի կառուցողական չլինելու մասին Ադրբեջանի մեղադրանքներին։
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը հետևյալ երեք սկզբունքների հիման վրա․

ա) Հայաստանը և Ադրբեջանը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությանը փոխադարձաբար ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
բ) Երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացում են Ալմա-Աթայի հռչակագրի հենքի վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման պիտի ստեղծվի, այլ պետք է գետնի վրա վերարտադրվեն այն սահմանները, որոնք ԽՍՀՄ շրջանակներում դե յուրե գոյություն են ունեցել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին: Սահմանագծի վերարտադրությունից հետո դե յուրե յուրաքանչյուր երկրին պատկանող տարածքները պետք է լինեն այդ երկրի վերահսկողության ներքո:

գ) Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն իր պատրաստակամությունն արտահայտել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը լայն ընդունելություն է գտել միջազգային հանրության կողմից:

Ցավոք, ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը, այդ թվում շարունակաբար մերժելով ԵՄ և ԱՄՆ կողմից արվող միջնորդական առաջարկները։ Ներառականության վերաբերյալ դժգոհելու փոխարեն Ադրբեջանը կարող է ի վերջո ընդունել ԱԳ նախարարների մակարդակով Վաշինգթոնում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում հանդիպելու առաջարկները։ Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր