Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Դեպքի առթիվ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով հավաքված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ նույն զորամասի պարտադիր ժամկետային երկու զինծառայողների և Ժորա Կարապետյանի միջև, մարտական դիրքում ծառայություն կրելու ընթացքում, ձևավորվել են միջանձնային անառողջ հարաբերություններ: Քննությամբ ստացված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել էր համածառայակիցների կողմից իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման պատճառով։ Համածառայակիցների ներկայությամբ լինելով հոգեբանորեն ընկճված և անելանելի վիճակում՝ Ժորա Կարապետյանը, 2023թ. օգոստոսի 10-ին՝ Ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում, իր պարտականությունները կատարելու ժամանակ, նույն դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային զինծառայողին ամրակցված «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգով գլխի շրջանում արձակել էր կրակահերթ և ինքն իրեն պատճառել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ: Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել նրա երկու համածառայակիցներին: Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել էր կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: |