«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ պատվիրակության կազմում Փարիզ տանի: Պաշտոնական հարցմամբ դիմեցինք Ազգային ժողովի լրատվության վարչություն՝ հետաքրքրվելով՝ առաջին՝ որ ժամանակահատվածում է աշխատել Էդգար Ավագյանը, երկրորդ՝ որն է եղել աշխատանքից ազատման պատճառը, երրորդ՝ արդյոք ճիշտ է, որ Ավագյանը ԱԺ պաշտոնյա է հանդես եկել, որ հեշտ և արագ ստանա վիզա դեպի Եվրոպա, թե ոչ։ «Նշենք, որ Էդգար Ավագյանը 2021 թվականի նոյեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնում՝ աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված»,- ասված է գրության մեջ։ Այսինքն՝ մեր որևէ հարցի չեն պատասխանել ըստ էության ԱԺ-ից: Ու քանի որ չեն էլ հերքել, ապա կարող ենք պնդել, որ Ալեն Սիմոնյանի քավորը աշխատանքի է տեղավորվել, որ վիզա ստանա շենգենյան համաձայնագրի երկրներ մուտքի համար, ու երբ ստացել է արդեն որպես արարողակարգի աշխատակից, դուրս է եկել աշխատանքից: Այս հատվածին վերաբերող հարցին ԱԺ-ից ստացանք հետևյալ պատասխանը. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում, քանի որ ուղղված չէ տեղեկություն հանդիսացող որևէ տվյալի ստացմանը»»: Մանրամասները՝ թերթի համարում։ |