ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դառնանք ազգ, որ բանակ է, դառնանք ազգ, որ ամրոց է, դառնանք ազգ, որ տաճար է»․ Տավուշի թեմի առաջնորդ
13:48, 31.03.2024 | mamul.am
2695 | 0

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզը՝ Հարության ճրագալույցի սուրբ պատարագին․

«Դառնանք ազգ, որ բանակ է,
Դառնանք ազգ, որ ամրոց է,
Դառնանք ազգ, որ տաճար է,
Որը չի՛ վախենում, չի՛ կքում, չի՛ փախչում, չի՛ ստում, չի՛ կեղծում ոչնչի դիմաց, ինչքան էլ դրանք դժվար լինեն որպես հարվածներ, որովհետև Քրիստոս հարյավ ի մեռելոց․․․
Մակարավանքից Հարության ավետիսը ուզում ենք, որ հասնի զրկված ու որբացած Արցախ աշխարհին․․․
Թող Հարության ավետիսը հասնի բոլոր նրանց, ովքեր տկարության մեջ են, վախերի ու կասկածների մեջ են, տագնապների մեջ են, վաճառված լինելու զգացումի մեջ են, վաճառած լինելու ապրումների մեջ են, անցնում են ուրացումի, մատնության եզրագծով, դեռ մտածում են իրենց կյանքի վերանորոգության մասին՝ վերադարձնելով նրանց դեպի ճշմարտություն և արդարություն․․․
Հարության ավետիսը հենց ձեզ, ներկաներ, թող այն պատի ու գրավի ձեր հոգին, որպեսզի այս խորհուրդը չմնա որպես օրացուցային անդրադարձ, այլ կյանք դառնա․․․
Մեր կյանքը սպանողներին ենք ասում՝ Հարության հաղթանակի լույսով՝ մի՛ ջանացեք, մի՛ փորձեք, ձեր ձեռքերը կկոտրվեն, ձեր ոտքերը կկաղան, ձեր աչքերը կկուրանան, ձեր ականջները կխլանան, ձեր սրտերը կտատամսեն, որովհետև մեր Տեր Աստվածն է առաջնորդում մեզ՝ մեր հաղթանակած Աստվածը։
Մի՛ կասկածեք ձեր ճշմարտությանը, ժողովուրդ․․․
Այսօր մեր Տերը մեզ հրավիրում է Իր մոտ․․․
Հարությանը չհավատացող ժողովուրդը կհավատա իր գերեզմանին, Հարությանը չհավատացող ժողովուրդը կհավատա իր մեռելությանը, Հարության հաղթանակով չապրող ժողովուրդը կհավատա իր ոչնչացմանը, Հարության հաղթանակով զղջում չապրած, ապաշխարությամբ չսրբված ժողովուրդը կարժանանա ինքնասպանության։
Մենք կհեռանանք այս երկրի երեսից, ի՞նչ են խոսելու մեզնից հետո սերունդները․․․
Այս երեխաներին ի՞նչ ենք կտակելու․ վախկոտ, սարսափած, լքված, անինքնասեր, անինքնություն, անհայրենիք, անաստված, փողասեր, դավաճանություն ու ուրացություն սիրող սերո՞ւնդ, թե՞․․․
Մեր կյանքում ամեն ինչը ժամանակավոր է։ Հավիտենական է միայն մեր Տեր Աստված ու մեր սրբազան Հայրենիքը։
Չվախենաք ոչնչից, ոչ մեկից, ինչ ուժ ու ինչ տեսք ուզում է ունենա․․․
Այնպես ապրենք, որ կյանքից մեկնելիս չզղջանք այս ապրած մի կտոր կյանքի համար, այլ ձեռքներս ու սրտներս բաց գնանք դիմավորելու մեր հարուցյալ Տիրոջը․․․
Դառնանք ազգ, որ բանակ է,
Դառնանք ազգ, որ ամրոց է,
Դառնանք ազգ, որ տաճար է,
Որը չի՛ վախենում, չի՛ կքում, չի՛ փախչում, չի՛ ստում, չի՛ կեղծում ոչնչի դիմաց, ինչքան էլ դրանք դժվար լինեն որպես հարվածներ, որովհետև Քրիստոս հարյավ ի մեռելոց․․․»։

Աղբյուրը` Տավուշի Թեմ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր