«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վտանգավոր իրավիճակ, անտեր թողնված ժողովուրդ․ 1. Պետք է տեր կանգնել ընտրազանգվածներին, և ոչ թե՝ տարվա մեջ մի քանի օր կոչ անել կենաց ու մահու ընդվզման, իսկ մնացած ժամանակ մոռանալ մարդկանց մասին։ Ընտրազանգվածներին պետք է տալ ապագայի ամբողջական փաթեթ, որտեղ մարդը կտեսնի իր, իր ընտանիքի, իր գյուղի-քաղաքի, իր պետության շահը։ Քաղաքական-հանրային ձևաչափերի առաքելությունը դա է, ոչ թե ապագա մանդատի կամ հաստիքի հաշվարկը։ 2. Պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Սա է լիդերությունը, սա է սոլիդությունը։ Նիկոլի ընտրազանգվածի 80 տոկոսն արդեն իրենը չէ, բայց մենք այս մարդկանց հետ խոսելու, ընտրություն առաջարկելու, համագործակցության դաշտ բերելու փոխարեն շարունակում ենք սպառնալ կամ վիրավորել։ Տավուշի թեման հենց բացվեց, ընդդիմադիր շրջանակներից սկսեցին տարածվել այդ գյուղերի՝ 2021թ. քվեարկության արդյունքները։ Ինչքա´ն պետք է չհասկանալ Հայաստանը, չհասկանալ ժողովրդին, ու չհասկանալ հասարակ մարդուն՝ սա անելու համար։ Ի՞նչ էիք ուզում ասել դրանով, որ ձեզ հասնու՞մ է։ Բայց սա Տավուշի խեղճուկրակ գյուղացու կամ քարոզչության ճնշման տակ քվեարկածի խնդիրը չէ, սա մեր բոլորի խնդիրն է, մեր բոլորի սահմանն է, մեր բոլոր հետագա սերունդների, հետագա տասնամյակների կամ հարյուրամյակների խնդիրն է։ Կա գործ՝ անելու Հայաստանին ապագա է պետք, իսկ ապագայի մենեջմենթը պետք է իրականացնեն նոր ձևավորված կամ ձևավորվող ուժերը։ Նրանք, ովքեր խիզախություն ունեցան՝ կազմավորվելու և հանրության հետ բաց խոսելու։ Այդ ուժերն ունեն բոլոր բարոյական իրավունքները՝ կազմելու նոր քաղաքական վերնախավը. «Հայաքվե», «Մայր հայրենիք», «Նոր ուժ», «Միասին» և այլն։ Վստահ եմ՝ առաջիկայում ձևավորվելու են նոր ուժեր ևս, նոր ձևաչափեր, որովհետև օբյեկտիվորեն կա ընտրազանգված ու բովանդակության բաց։ Բացառիկ դեր պետք է ունենա եկեղեցին, և կյանքը ստիպում է վերանայել «եկեղեցին ու պետությունը առանձին են» թեզը (սրա մասին մանրամասն կխոսվի առաջիկայում)։ Կարևոր դերակատարում պետք է ունենան պայմանական «հին» գործիչների մի անվանացանկ, ովքեր իրենց մարդկային որակներով և գրագիտությամբ ապագայում պետք է ներդրում ունենան։ Նախկին բոլոր արատավոր երևույթները հանրությունն ասոցիացնում է ՀՀԿ-ի հետ, բայց այսօրվա «նոր» ՀՀԿ-ում մնացել են իրոք քաղաքական մտածողությամբ, լուրջ դեմքերը, որոնք նաև մարդկային կարևոր հատկանիշներ ունեն և պատրաստ են հետագա զարգացումներին։ Եվ այդ բանաձևով մենք ամենուր կարող ենք գտնել քաղաքական նոր դաշտը ձևավորող մարդկանց։ Հայաստանի ապագային պետք են իրական մարդիկ, ոչ թե հերթական անհասկանալիները, որոնց խաղացնում են ներսից կամ դրսից։ Հայաստանն ունի նոր, իրական խնդիրներ, և մեզ պետք է պետք է նոր, իրական քաղաքական բովանդակություն, նոր մենեջմենթ»: |