ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
««Նոր խաղ» ուկրաինական պատերազմո՞ւմ». Հակոբ Բադալյան
01:06, 02.04.2024 | mamul.am
5061 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ ««Նոր խաղ» ուկրաինական պատերազմո՞ւմ
Մարտի 31-ին ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որ Ուկրաինայի իշխանությունից պահանջում է ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Մալյուկին, այն հիմքով, որ, ըստ Ռուսաստանի՝ նա կապ ունի Կրոկուսի ահաբեկության հետ:
Այստեղ կա ուշագրավ «խորհրդանշականություն»: Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը տարածվում է կիրակի օրը: Այդքան շտա՞պ էր, չէի՞ն կարող համբերել երկուշաբթի կամ անել մեկ օր առաջ:
Թերևս կարող էին, բայց ամսաթիվն, ըստ ամենայնի, խնդրո առարկայի էության բուն ազդակն է: Պարզ է, չէ՞, որ, ողջախոհության բոլոր կանխավարկածներն անտեսելու դեպքում անգամ բարդ է պատկերացնել, թե ռուսները մտածում են, որ Կիևը կատարելու էր պահանջը:
2024 թվականի մարտի 31-ին Ուկրաինայում պետք է լիներ նախագահի հերթական ընտրությունը: Բայց Զելենսկին հայտարարեց, որ պատերազմի ժամանակ ընտրությունը չեղարկում է: Ուշադրության է արժանի, որ նրա այդ քայլը առանձնապես ողջույնի չի արժանացրել Արևմուտքը, իսկ Ուկրաինայի ներսում մի շարք գործիչներ, ընդհուպ Կիևի քաղաքապետ Կլիչկոն քննադատել են այն և ընտրության չեղարկումից հետո Զելենսկուն բնութագրել գրեթե որպես դիկտատոր:
Թե ինչու է ընտրությունից խուսափում Զելենսկին, դա առանձին հարց է: Ըստ իս, ընտրվելու վստահություն ունենալու պարագայում նա կգնար ընտրության: Պատերազմը ընդամենը ընտրությունը չեղարկելու առիթն է, ոչ թե բուն պատճառը:
Բայց կա հավանականություն, որ ընտրությունը չեղարկելով Զելենսկին ոչ թե լուծում է իր խնդիրները, այլ՝ գուցե մտնում ավելի բարդ մի փուլ, հատկապես արևմտյան անհրաժեշտ օգնության փաստացի բացակայության պարագայում:
Ահա այս իրողություններում է «խորհրդանշականությունը» այն փաստի, որ ռուսները հենց մարտի 31-ին են տարածում հայտարարությունն ու ներկայացնում պահանջ Ուկրաինայի իշխանությանը, ասելով, թե ձերբակալեք միջազգային ահաբեկության հետ կապ ունեցողներին: Հակառակ դեպքում ստացվում է, որ չձերբակալելը նշանակելու է հենց Ուկրաինայի իշխանության, ոչ թե առանձին պաշտոնյաների կապ: Սա իհարկե ես ռուսների քայլի տրամաբանության դիտարկմամբ եմ ասում:
Այդպիսով, ըստ իս, Ռուսաստանը «ձևավորում» է Ուկրաինայի նոր իշխանության «ոչ լեգիտիմության» վրա կառուցվող խաղ, համեմելով այն միջազգային ահաբեկության «սուսով»:
Բնական է, որ այդ խաղն Արևմուտքը չի ընդունելու, այսպես ասած, հալած յուղի տեղ, բայց, կրկնեմ, ուշադրության է արժանի այն, որ արևմտյան գործընկերներն ամուր աջակցություն չեն արտահայտել նախագահի ընտրությունը չեղարկելու վերաբերյալ Զելենսկու որոշմանը: Այո, չեն քննադատել, բայց չի եղել ամուր և համոզիչ աջակցություն: Ավելին, մարտի 20-ին Կիև էր այցելել Բայդենի խորհրդական Սալիվանը, որն այնտեղ արել էր բավականին բազմիմաստ հայտարարություններ:
«Նոր տրամաբանությունը», որ ներմուծում է Ռուսաստանը ուկրաինական կոնֆլիկտ, փաստացի Ուկրաինայի պաշտոնյաներին կարգելով «լեգիտիմ թիրախ», ձեռնտու է նաև Արևմուտքին՝ որպես Կիևի հանդեպ լծակ: Թե ինչ նպատակով կօգտագործեն այդ լծակները, հարցի մյուս կողմն է, որովհետև Կիևի հանդեպ արևմտյան նպատակները մոնոլիտ չեն, տարբեր դերակատարներ ունեն տարբեր նպատակներ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր