Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդաասրյանը: Ապրիլի 5-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ: Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն էլ երեկ նշել է, որ այդ հանդիպումը Հայաստանի բարեփոխումների և ժողովրդավարության, տնտեսության մասին է և որ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացն օրակարգում չկա: Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» էր որակել ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Առաջիկա հանդիպումը խստորեն քննադատել է նաև պաշտոնական Մոսկվան: |