ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +17 °C Վաղը`+19 °C
Ուր է գնում Հայաստանը՝ Ղարաբաղը կորցնելուց հետո․ #BBC
10:18, 05.04.2024 | mamul.am
5353 | 0

Լեռնային Ղարաբաղում պարտությունը և գիտակցումը, որ Ռուսաստանը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, ՀՀ կառավարությանը ստիպեցին նոր դաշնակիցներ փնտրել, այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ապրիլի 5-ին Բրյուսելում կկայանա ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին Եվրոխորհրդարանն ընդունեց կապերը խորացնելու մասին բանաձև, իսկ հայ պաշտոնյաները սկսեցին խոսել Եվրոմիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորության մասին։ Երևանը փորձում է պաշտպանական կապեր ստեղծել Եվրոպայի հետ։ Վերջին ամիսներին Ֆրանսիան համաձայնել է Երևանին ժամանակակից զենք մատակարարել։ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնվել է։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը Երևանի՝ եվրոպական քաղաքական կուրսի մեջ սպառնալիք են տեսնում իրենց շահերի համար և զգուշացնում լուրջ հետևանքների մասին։ Փաշինյանը պնդում է, որ խոսքը ոչ թե դեպի Արևմուտք շրջադարձի, այլ «հարաբերությունների դիվերսիֆիկացման» մասին է։

Երբ 2024 թվականի փետրվարին Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին, շատ պարբերականներ, քաղաքական գործիչներ և մեկնաբաններ սկսեցին խոսել այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի փոփոխության մասին։ Սակայն խոսքը ոչ թե իրավական քայլի, այլ ստեղծված իրողության արձանագրման մասին էր. Երևանը դեռ անցյալ տարի դադարել է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին և գագաթաժողովներին, քանի որ «իմաստ չի տեսնում»։

Նոր կապերի անհրաժեշտություն առաջացավ։ Այժմ պաշտոնական Բաքուն հարևանից պահանջում է փոխել Սահմանադրությունը, բացել «Զանգեզուրի միջանցքը», ինչպես նաև շարունակում է գերության մեջ պահել հայ ռազմագերիներին։

Հայաստանի հարցմանն առաջինն արձագանքել է Հնդկաստանը, որը դեռևս 2022 թվականին համաձայնել է Երևանին մատակարարել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակամարտկոցային պայքարի ռադարներ, հրետանային կայանքներ, հակատանկային համալիրներ, ՀՕՊ և դրոնների դեմ պայքարի համակարգեր, ինչպես նաև արկեր։

Այս գնումներն անհանգստություն են առաջացնում Ադրբեջանում։ Պաշտոնական Բաքուն դրանք անվանում է սադրանք և սպառնալիք իր անվտանգությանը։

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ձեռք է բերել ևս մեկ գործընկեր՝ ի դեմ Ֆրանսիայի։ 2023 թվականի հոկտեմբերին հայտարարվեց ֆրանսիական զենքի մատակարարման առաջին պայմանավորվածությունների մասին, իսկ 2024 թվականի փետրվարին Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պատմության մեջ առաջին անգամ այցելեց Երևան։

Ավանդաբար Ֆրանսիայի կոչերն առաջացնում են պաշտոնական Բաքվի զայրույթը։ Բաքուն բացասաբար արձագանքեց նաև ուրբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «ԵՄ-ի և ԱՄՆ-ի նման գործողություններն ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ բնույթ ունեն», և դժգոհել, որ Ադրբեջանին չեն հրավիրել։

ՀՀ-ԵՄ պաշտպանական համագործակցությունն իսկապես քննարկվում է։ Դրա հնարավոր գործիքը կարող է դառնալ European Peace Facility-ն՝ համաեվրոպական հիմնադրամը, որից վճարվում են Ուկրաինային զենքի մատակարարումները։ Դրան կողմ է Ֆրանսիան, ինչպես նաև «Հայաստանի բարեկամների ցանցը»՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հիմնած խումբը, որն արդեն մեկ տարի է՝ լոբբիստական ծառայություններ է մատուցում Հայաստանի կառավարությանը: Մարտի վերջին խումբը հրապարակեց զեկույց՝ «Խորացնելով ԵՄ-Հայաստան կապերը. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» խորագրով։

Ռուսաստանի ԱԳՆ-ն նյարդայնացած արձագանքել է զեկույցին՝ դրանում տեսնելով «Հայաստանը Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից հեռացնելու» փորձ։ Զեկույցն իսկապես կոչ է անում դուրս գալ այդ միությունից, սակայն Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկում այդ հնարավորությունը։ Հայաստանը շարունակում է մնալ խիստ կախված ռուսական գազից։ Ռուսաստանի հետ և՛ ապրանքաշրջանառությունը, և՛ ընդհանուր առմամբ տնտեսական հարաբերությունները միայն աճում են վերջին տարիներին։

Եվրոպայում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ կոնսենսուս չկա։ Ի տարբերություն Ֆրանսիայի՝ հայանպաստ դիրքորոշում չունեն Իտալիայում և Հունգարիայում, որոնք շատ ավելի մոտ են Ադրբեջանին։ Բացի այդ, ԵՄ-ի ռեսուրսները սահմանափակ են. դաշինքը դժվարությունների է բախվել՝ Կիևին օգնելու հարցում։

Ապրիլի 5-ի հանդիպումն առաջին հերթին Երևանին քաղաքական աջակցության ակտ է՝ Ռուսաստանի հետ բարդացող հարաբերությունների և Ադրբեջանի հետ շարունակվող դժվարությունների ֆոնին»,- գրում է պարբերականը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր