ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Նիկոլն ուներ հստակ պայմանավորվածություն և գործարք». Նաիրի Հոխիկյան
09:24, 08.04.2024 | mamul.am
4132 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020-ի պատերազմից հետո հայ ժողովուրդը ինքնամոռաց փնտրտուքի մեջ է, թե որտեղ ենք սխալվել, ինչում ենք սխալվել, հատկապես վերջին 30 տարվա ընթացքում ինչն ենք բաց թողել կամ ինչն ենք չափից շատ արել, որ հայտնվել ենք այս օրվա մեջ։
Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, ու այսպիսի քննարկումները սոսկ իշխանության սարքած թակարդն են՝ հանրությանը շեղելու համար։
Յուրաքանչյուր ազգ ու նորանկախ պետություն իր կայացման ընթացքում թույլ է տալիս բազմաթիվ սխալներ, որոնք շտկվում են փորձի վրա, և ոչ մեկը ապահովագրված չէ այդ սխալներից։
Մեզանում էլ 1991-ից հետո եղել են բազում մեծ ու փոքր սխալներ՝ սխալ կառավարում, կոռուպցիա, օլիգարխների ամենաթողություն և այլն, բայց դրանք լուծվում են ժամանակի և հասունացող պետական մտածողության արդյունքում։
Իսկ այն, ինչ եղավ 2020-ի հոկտեմբեր-նոյեմբերին ու շարունակվում է դրանից հետո մինչև այսօր, որևէ կապ չունի մեր ազգի ու պետականության կայացման, նախկին մեծ ու փոքր սխալների հետ։
Նիկոլը ուներ հստակ պայմանավորվածություն ու գործարք, որով էլ եկավ իշխանության, ու հավատացեք, եթե Հայաստանը ունենար աշխարհի ամենաուժեղ բանակը, եթե մենք ունենայինք ատոմային ռումբ, իսկ մեր սահմանները պաշտպանված լինեին երկնքից իջնող լազերային մահացու ճառագայթներով, միևնույն է, պիտի պարտվեինք 2020-ի պատերազմում ու պիտի հանձնեինք Արցախը, քանի որ այդպես պայմանավորվել էր Նիկոլը, այդպիսին էր գործարքը։
Հետևաբար հիմա ժողովրդի մեջ քննարկվող հարցը, թե ինչու չենք զինվել, ինչու պատրաստ չենք եղել, ինչու է թալան եղել, և ինչուների շարան... ընդամենը Նիկոլի ու նրա դրսի հովանավորների կողմից մարդկանց ուղեղների մեջ դրված կեղծ, շփոթեցնող մտքեր են, որոնք տանում են այլ ուղղությամբ ու թույլ չեն տալիս ուղղակի տեսնել շատ պարզ ճշմարտությունը։
Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարծում ենք։ Եթե կռվող չլինեինք, պատերազմը 44 օրվա փոխարեն, ըստ գործարքի, պետք է տևեր 7-10 օր։ Եթե զինված չլինեինք, Արցախից Ադրբեջանը չէր վերցնի ավելի քան 5 մլրդ դոլարի զենք, ու Ալիևը զօրուգիշեր չէր բարբաջի, թե հայերին այսքան զենք որտեղի՞ց։
Նիկոլի նման գործարքի դեպքում ցանկացած բանակը կարող է պարտվել, քանի որ այդպես որոշված է և արված են նախապատրաստական բոլոր քայլերը, որոնք մեզանում սկսվեցին 2018-ի սեպտեմբերի 28-ից և ավարտին հասցվեցին 2020-ի սեպտեմբերի 15-ին։
Մենք կարող ենք նախկին իշխանություններին մեղադրել իրենց սխալների համար, որոնց հետևանքով ժողովուրդը համաձայնեց իշխանության բերել դրսի գործակալներին, բայց հայրենիքի կորուստը և շարունակվող ողբերգությունները սոսկ Նիկոլի գործարքի ընթացքն են՝ ունենալով արտաքին քարոզչական աջակցություն։
Սատանային մի փնտրեք այնտեղ, որտեղ նա չկա։ Սատանան մեր կողքին է՝ ոչխարի տեսքով և փորձում է իր վրայից շեղել մեղքերը»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
10:24, 10.04.2024
3334 | 0
դեպի վեր