ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«ՀՀ-ի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով». Միրզոյան
18:48, 08.04.2024 | mamul.am
1143 | 0

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ողջույնի խոսքում Արարատ Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների էական խորացմանը միտված գործընթացը՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական իրականացումը, այնպես էլ դրանից անդին հնարավորությունների լավագույնս օգտագործումը: Հարաբերությունների զարգացման այս դինամիկայի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման տնտեսական բաղադրիչին: Վերջինիս ներքո նախարար Միրզոյանը շեշտել է Տնտեսական ու ներդրումային պլանի ուղենիշային նախաձեռնությունների կյանքի կոչման ու նոր՝ «Հայաստանի դիմակայունության և աճի» ծրագրով ընձեռվող հնարավորությունները: Կարևոր նախագծերի շարքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթացի ապահովմանը։

Վկայակոչելով Եվրոպական խորհրդարանում 2023 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետի ելույթը՝ նախարար Միրզոյանը հավելել է. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով»:
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ընդգծելով ՀՀ պատրաստակամությունն օգտագործել խաղաղության հասնելու հնարավորությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա ենթադրում է խաղաղության պայմանագրում առանցքային հարցերի շուրջ փոխհամաձայնության արձանագրում՝ մասնավորապես 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության ճանաչման փոխադարձ վերահաստատում և սահմանազատում:

Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ որպես այդ հարցում ՀՀ շահագրգռվածության դրսևորում հիշատակելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Նախարարը պատասխանել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ ներկաների հարցերին:

Կայացել է մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակության հետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր