Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրական ու «պատմական» Հայաստանների այս խիստ վտանգավոր հակադրումը, բացի այն, որ հրապարակային «դիսկուրսի» մակարդակում խիստ մակերեսային է, նաև պատմա-քաղաքական իմաստով ունի վտանգավոր ժամանակավրեպություն:
Չգիտեմ, այն արժե՞ 270+65 միլիոն եվրո, թե ոչ, բայց որ, իրականում ոչ թե Հայաստանի պետական սուբյեկտության ամրապնդման մեխանիզմ է, այլ հակառակը՝ Հայաստանի պետական սուբյեկտության «անդամահատման», կասկած չունեմ:
Եվ հարցը բոլորովին այն չէ, ինչ փորձ է արվում ներկայացնել «ֆոլկլորի» մակարդակով՝ թե մենք հավակնում ենք ինչ-որ այլ պետությունների տարածքի և այլն: Հարցը գիտա-իրավա-քաղաքական է, հակառակ պարագայում այն որևէ կերպ չէր հայտնվի միջազգային քաղաքականության օրակարգերում: Այն պահանջում է կառավարում, ինչպես պետականության սուբյեկտության ցանկացած ռեսուրս:
Այո, հայկական պետականության առանձնահատկությունն այն է, որ դրա սուբյեկտային ռեսուրսը դուրս է իր պետական սահմաններից: Ավելին, գործնականում բոլոր պետություններն են ձգտում սուբյեկտության այդպիսի ընդգրկուն և տարածական բազայի ձևավորման, դրա համար ծախսում ահռելի ռեսուրսներ:
Մեր պարագայում, այդ ընդգրկումը ստացվել է հիմնականում պատմության ողբերգական կամ ցավագին դեպքերի ընթացքով: Բայց, այն կա և պահանջում է հմուտ կառավարում՝ հանուն Հայաստանի հանրապետության»: