ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Անդրանիկ Քոչարյանը շատ վտանգավոր հայտարարություն է արել». Հակոբ Բադալյան
13:30, 15.04.2024 | mamul.am
4906 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արել է շատ վտանգավոր հայտարարություն: Նրա խոսքով, վարչապետն իբրև թե ուզում է անուն առ անուն հավաքել ցեղասպանության ենթարկված մեր 1,5 միլիոն հայրենակիցների անուն-ազգանունները, նրանց հետ կատարվածի տեղը, վայրը և այլն՝ հիշատակը ամբողջությամբ հավերժացնելու համար:
Առերևույթ կարող է թվալ, թե սա կարևոր նախաձեռնություն է: Եվ գուցե իսկապես կարևոր է, եթե այդ նախաձեռնության մասին չբարձրաձայնվի ոչինչ, բացարձակապես ոչինչ, իսկ այն շատ շատ ներքին կարգով պարզապես հանձնարարվի ԳԱԱ որևէ կառույցի, թեկուզ Ցեղասպանության թանգարան ինստիտուտին, որպես գիտական, ոչ թե պետական աշխատանքի առարկա:
Երբ այդ աշխատանքը բարձրաձայնվում է, այն էլ պետականորեն, ապա դրանով ստեղծվում է մի «փաստարկի» հիմք, թե՝ ցեղասպանության զոհերի թիվը այնքան է, որքան կա անուն:
Բոլորն են թերևս պատկերացնում, թե անուն առ անուն 1,5 միլիոն մարդու պատմություն վերականգնելը, ավելի քան հարյուր տարի անց, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների և իրողությունների, նաև Հայաստան պետության ինքնուրույն կարողությունների սահմանափակվածության պարագայում՝ երբ արխիվների գերակշռող մասը թերևս այլ պետություններում են, ինչ ահռելի գործ է: Եվ թերևս դժվար չէ պատկերացնել, թե անգամ իրադարձությունների ամենաբարենպաստ դասավորության պայմաններում ինչ հսկայական ժամանակ է պահանջելու այդ գործը, կրկնեմ, եթե ինչ որ իդեալական դասավորության պայմաններում հնարավոր լինի տեսականորեն ավարտել այն երբևէ:
Իսկ մինչ այդ, հիանալի և արագ կառուցվող «գործնական փաստարկ» է ստանալու Թուրքիան:
Եվ մնում է միայն տարակուսել, որ այդ փաստարկի «նախերգանքը» հնչում է ցեղասպանության տարելիցից տասն օր առաջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր