ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով». «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժում
22:06, 17.04.2024 | mamul.am
2648 | 0

«Տավուշը Հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժման խորհուրդը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը. «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ապրիլ 17-ի առավոտյան Ոսկեպար և Կիրանց գյուղեր է անակնկալ ժամանել Նիկոլ Փաշինյանը՝ փակ հանդիպում ունենալով գյուղերի բնակիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել փակ ձևաչափով` առանց հեռախոսների և լրատվության ներկայացուցիչների:

Պետության գոյությանը և ամբողջ հայությանն առնչվող այսպիսի կարևորագույն հարցերին այս ձևաչափով անդրադառնալն ինքնին մոլորեցնող է։

Ակնհայտ է, որ խնդիրը միայն Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղերի բնակիչներին չի վերաբերում։ Ռազմավարական տարածքների զիջման հարցը ողջ հայ ժողովրդի հարցն է։

Հետևաբար, վերահաստատում ենք․

1. ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցը չի կարող լուծվել միայն Տավուշի մի քանի գյուղի բնակիչների համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ՝ այդպիսով պետության ողջ հետագա ճակատագրի և տարածքային ամբողջականության պատասխանատվությունը դնելով մեր հերոսական գյուղացիների ուսերին:

Հետևաբար, հարցի լուծումը միայն գյուղաբնակ հայրենակիցների դաշտ տեղափոխելը նշանակում է առկա իրավիճակի և հետագա գործողությունների ամբողջ մեղքը և պատասխանատվությունը պետության ղեկավարի ուսերից թոթափել և այն թողնել քաղաքացիների վրա։

2. Հարցը գյուղաբնակ հայրենակիցների ուսերին թողնելը սոցիալական իմաստով նաև նշանակում է ներքին երկպառակություն, թշնամություն և ատելություն սերմանել գյուղացիների կյանքում, որոնք կարող են համաձայնություն կամ անհամաձայնություն հայտնել տվյալ չափազանց կարևոր հարցի վերաբերյալ: Այսպիսով, քայքայվելու է Տավուշի գյուղերում տիրող ներքին համերաշխությունը, որը պահպանվել է` հակառակ բոլոր ներքին և արտաքին դժվարությունների:

Հետևաբար, վերստին հայտարարում ենք, որ իշխող ուժի որդեգրած նման վարքագիծը դատապարտելի է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով։ Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի սահմանած կարգերի համաձայն: Այլ առաջարկներն ու գաղափարներն ապօրինի են։

Հիշեցնում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր