ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սատարում է Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնության, ինչպես նաև Գազայի հատվածում բնակիչներին մարդասիրական օգնության ավելացմանը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ պալատը շաբաթ երեկոյան ֆինանսավորման փաթեթների հարցով քվեարկություն կանցկացնի, հաղորդում է VOA-ն։ Ջոնսոնը մի քանի շաբաթ երկմտում էր այդ քվեարկության անհրաժեշտության շուրջ, մինչդեռ պահպանողական որոշ օրենսդիրներ դեմ էին արտահայտվել Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացմանը և սպառնում էին հեռացնել նրան խոսնակի պաշտոնից, եթե քվեարկություն անցկացվի։ «Իսրայելը բախվում է Իրանի կողմից աննախադեպ հարձակումների, իսկ Ուկրաինան՝ Ռուսաստանի կողմից շարունակվող ռմբակոծությունների, որոնք կտրուկ ավելացել են վերջին մեկ ամսում։ Պալատը պետք է ընդունի փաթեթն այս շաբաթ, իսկ Սենատը պետք է հետևի այդ օրինակին»,- հայտարարել է Բայդենը։ |