ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«Փաշինյանական նոր դավաճանությունը ունի նաև երկու ներքին նպատակ». Աշոտյան
00:00, 21.04.2024 | mamul.am
3864 | 0

Նիկոլը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը. Աշոտյան
«Առաջինը, Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ անգամ Փաշինյանի նախաձեռնությունն է։ Եվ երկրորդը, դա ոչ թե պատահական կամ սպոնտան քայլ է, այլ 2018-ից սկսած` Փաշինյանի կողմից հետևողականորեն վարվող քաղաքականություն»,- ասել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, ով շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ և պատասխանել դրանց։

Նա պատասխանել է հարցին. «Անդրանիկ Քոչարյանն արդեն կասկածի տակ է դնում ցեղասպանությունը և զոհերի թիվը, ի՞նչ կասեք այս թեմայով»։

Ա. Աշոտյանն իր պատասխանում նշել է. «Իր ողջ պաշտոնավարման ընթացքում, հենց ամենասկզբից Նիկոլը քայլ առ քայլ հրաժարվում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից։ Վերցրեք և վերընթերցեք 2018-ից հետո նրա ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեաներում, Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում, նրա ուղերձները Ապրիլի 24-ի կապակցությամբ։ Միակ բացառությունը 44-օրյա պատերազմն էր։

Նա քաղաքական անբարոյականության նոր նշաձող է սահմանում այս թեմայով։ Ցանկացած ժողովրդի հանդեպ իրացված ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթաց պահանջում է միջազգային լուրջ դերակատարների ներգրավում, որոնք բնական է, որ պիտի ունենան նաև սեփական շահ։

Սկզբից դա Սովետական Միությունն էր, բայց արդյո՞ք Սովետներն էին հայ ժողովրդի ցավի և արժանապատվության տերը, կամ արդյո՞ք Սովետները կարող էին ցեղասպանության հետևանքով երկրագնդով սփռված հայկական գաղթօջախներում Հայոց Ցեղասպանության հարցը առաջ տանեին։ Կամ ի՞նչ կապ ուներ Սովետը 1915-ին հույների և ասորիների ցեղասպանության հետ։ Նիկոլի սկանդալային դասախոսության այդ թեզերը տգետ են և բարոյազուրկ։

Հայոց ցեղասպանության հարցի ուրացումը ունի նաև լրջագույն միջազգային հետևանքներ։ Նախ հարված է հասցվում ցեղասպանությունների կանխարգելմանը ուղղված միջազգային մեխանիզմներին, որովհետև Հայոց ցեղասպանությունը շատ կարևոր մասնիկն էր այդ շարժման։

Նիկոլը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը նաև վերջինիս ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում։ Հարվածի և հարցականի տակ է դրվում նաև միջազգային քաղաքական գործիչների, փորձագետների, մտավորականների տասնյակ տարիների աշխատանքը։

Հոլոքոստը, Ռուանդայի և Հարավսլավիայի ցեղասպանությունները՝ բոլորն էլ ունեցել են միջազգային ասպարեզում հարցը առաջ տանող, ավելի հզոր և շահագրգիռ «սպոնսորներ»։ Իսկ Հայաստանի անկախացումից հետո Հայոց ցեղասպանությունը դարձավ միջազգային քաղաքական օրակարգի մաս և ճանաչվեց տասնյակ արևմտյան երկրների և կառույցների կողմից։ Ըստ Նիկոլի, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Լեհաստանը Ստալինի՞ խաթր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Բրեժնևի՞, թե՞ միանգամից Պուտինի։

Փաշինյանական նոր դավաճանությունը ունի նաև երկու ներքին նպատակներ ա․ դյուրացնել նոր Սահմանադրության ընդունումը և բ․ խորացնել Հայաստան-Սփյուռք խզումը։ Ի դեպ, երկուսն էլ թուրքական պահանջներ են։ Այսքանից հետո ոչ մի հոգով նիկոլական իրավունք չունի ապրիլի 24-ին բարձրանալ Ծիծեռնակաբերդ։ Չպղծե՜ք ձեր ներկայությամբ 1․500․000 հայ նահատակների հիշատակը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր