ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Ռուսաստանը և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են իրականացնում Հայաստանի դեմ»․ Ալեն Սիմոնյանը` Եմ-ում
00:06, 23.04.2024 | mamul.am
3079 | 0

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին:
«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս հիասքանչ քաղաքում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարեւոր է, եւ ես անկեղծորեն գնահատում եմ ինձ ընձեռած այս հնարավորությունը:
Հարգելի՛ գործընկերներ,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է եւ մերձավորարեւելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա:
Այս համաժողովի թեմաները հրատապ են: Մենք հայտնվել ենք տեխնոլոգիական հեղափոխության նոր դարաշրջանում՝ ապշեցուցիչ եւ միաժամանակ վտանգավոր, որն արտահայտվում է բեկումնային առաջընթացներով եւ սոցիալ-քաղաքական կյանքի համար սպառնալիքներով: Սոցիալական մեդիայի նշանակությունը չի կարելի թերագնահատել, քանի որ արհեստական բանականության օգնությամբ ապատեղեկատվության արագացված տարածումը կարող է սրել լարվածությունը հասարակությունների ներսում եւ մարդկանց միջեւ՝ հրահրելով հակամարտություններ եւ վտանգ ներկայացնելով ժողովրդավարությանը, քաղաքացիական ազատություններին եւ անվտանգությանը: Այս համատեքստում հակամարտությունից տուժած տարածաշրջանները գնալով ավելի խոցելի են դառնում:
Հետեւաբար, այս մարտահրավերները հաղթահարելու համար արդյունավետ քաղաքականություն մշակելը հրամայական է:

Հայաստանը բախվում է անվտանգության ամենօրյա սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումների:

Ադրբեջանն օգտագործել է տարբեր լրատվամիջոցներ եւ սոցիալական ցանցեր՝ հայկական տարածքներ աստիճանաբար զավթելու համար: Տեղադրելով կեղծ տեսանյութեր, որոնք իբրեւ ցույց են տալիս հայկական զորքերի տեղաշարժը՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ հարձակման համար պարարտ հող նախապատրաստելու եւ սեփական ագրեսիան արդարացնելու համար:
Մեր արեւելյան հարեւանը տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը եւ խոսել հայ ժողովրդի անունից:
Հայաստանի դեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, եւ որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է:

Ապատեղեկատվությունն ու ահաբեկումն օգտագործվել են այս հանդիպման կայացումը կանխելու համար, եւ քանի որ այն չհաջողվեց, փորձ արվեց խեղաթյուրել հանդիպման արդյունքները:
Ի պատասխան վերջին իրադարձություններին` Հայաստանի կառավարությունն արգելեց ռուսական պետական հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդման հեռարձակումը Հայաստանի տարածքում՝ ատելության խոսքի տարածումը եւ Հայաստանի ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու նպատակով:

Հայաստանը հաստատակամ է խաղաղության իր հանձնառության մեջ եւ մերժում է պատերազմի ցանկացած դրսեւորում մեր տարածաշրջանում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում:

Մենք հակամարտությունների կարգավորման համար փնտրում ենք խաղաղ լուծումներ եւ պաշտպանում ենք ժողովրդավարական արժեքները՝ համոզված լինելով, որ դրանք զարգացման հիմնաքարերն են: Մենք հուսով ենք, որ մեր եվրոպացի գործընկերների եւ բարեկամների հետ միասին կարող ենք դադարեցնել եվրոպական տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունների դեմ հիբրիդային պատերազմը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր